«Եթե Ադրբեջանն ասում է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչել են 1991-ի սահմանը եւ հետեւություն է անում, որ դրանով Արցախի հարցը փակված է, դրանից առաջ մի հարց պետք է տալ՝ եթե 1991-ի սահմանը փոխադարձաբար ճանաչված է, ի՞նչ են անում ձեր զորքերը, օրինակ, Վերին Շորժայի, Ջերմուկի մոտակայքում, Սեւ լճի հարավային ափի մոտակայքում»: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հայկական կողմը արել է նույն առաջարկը ՝ինչ 2021-ին։
«Եթե ընդունում ենք 1991-ի սահմանագիծը, ուրեմն պետք է փոխադարձաբար մեր զորքերը հետ տանենք այդ սահմանագծից: Այսինքն այդ գծից այն կողմ ՀՀ-ն զորք պետք է չունենա, իսկ գծից այս կողմ Ադրբեջանը պետք է զորք չունենա: Մենք առաջարկում ենք 3 կմ-անոց դեմիլիտարիզացված գոտի ստեղծել: Դա նշանակում է, որ բանակի ստորաբաժանումները պետք է այդ գոտուց դուրս բերվեն, իսկ այդ մասին պահպանությունը հանձնվի սահմանապահ զորքերին Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից»-մանրամասնեց Նիկոլ Փաշինյանը:















































