Արդարադատության միջազգային դատարանը Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի ներկայացրած հայցով որոշել է, որ Ադրբեջանը պարտավոր է նախքան գործով վերջնական որոշման կայացումը, կոնվենցիայով իր ստանձնած պարտավորությունների համաձայն, ձեռնարկել իրենից կախված բոլոր միջոցները, որպեսզի ապահովի անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով:
Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է. «Դեկտեմբերի 12-ից կապը Լաչինի միջանցքով խաթարված է, խոչընդոտվել է Լեռնային Ղարաբաղ սննդամթերքի, դեղորայքի և անհրաժեշտ այլ ապրանքների մատակարարումը ինչն անուղղելի վնաս կարող է պատճառել։ Դատարանը համարում է, որ ժամանակավոր միջոց կիրառելն անհրաժեշտ է, դատարանն արձանագրում է, որ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենից կախված միջոցները Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար։
















































