«Եթե աշխատանքային սխալներ թույլ տալու համար անցնել են ապտակների ու բռունցքների, ապա Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը իրենց սխալների համար վերակենդանցման բաժանմունքից պետք է դուրս չգա․ այնքան սխալներ ունեն»։ Այս մասին NewDay.am-ի հետ զրույցում ասաց Մեղրի համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արմեն Հայրապետյանը։
Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը իր աշխատասենյակում ծեծել է Քաղաքաշինության բաժնի պետ Աբրահամ Սարգսյանին։
Արմեն Հայրապետյանն ասաց, որ ինքն իրավական գնահատական չի կարող տալ, չի էլ կարող հաստատ ասել, թե ինչ է եղել, բայց եթե պարզվի ծեծ եղել է, ապա դա խուլիգանություն է, ինչը համատեղելի չէ քաղաքապետի պաշտոնի հետ։
«Մամուլում տեղեկատվությունը հայտնվելուց հետո, հարցը աշխատակիցը բարձրացրել է նաև ավագանու նիստի ժամանակ, պնդել՝ ծեծի է ենթարկվել, ես իմ դիրքորշումը ասել եմ, բայց տեխնիկական խնդիրների պատճառով, հեռարձակումը հենց այդ պահին անջատվել էր։ Բայց կրկնեմ՝ սենյակում երկուսով են եղել,մեկն ասում է՝ ծեծել է, մյուսը հերքում է։ Եթե աշխատակիցը ճիշտ չի ասում, ապա բարոյական, տղամարդկային հարցեր կան, բայց եթե ծեծ եղել է, ապա դրան պետք է հաջորդեն քաղաքական հետևանքներ»,-մանրամասնեց Մեղրի համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արմեն Հայրապետյանը։
Անի Գևորգյան

















































