Տեսնելով, թե ադրբեջանական կողմից ագրեսիվ գործողություններն ու հռետորաբանությունն ինչպես են թափ առնում, պարզ է, որ իրատեսական չէ քննարկել Արցախի պաշտպանական բանակը լուծարելու հարցը, Ստեփանակերտ-Երևան հեռուստակամուրջ-ասուլիսի ընթացքում հայտարարեց Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը։
«Եթե դատենք ադրբեջանական կողմի հռետորաբանությունից, այդ պայմանը միշտ էլ կար, տարբեր մակարդակներով դրա մասին հնչեցվում է։ Արցախի պաշտպանության բանակն ապահովում է Արցախի ժողովրդի անվտանգությունը, և Արցախի ժողովուրդն է որոշում կայացնում», — ասաց նախարարը։
Հիշեցնենք՝ նախօրերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանից պահանջում է «զինված ուժերն ամբողջությամբ» դուրս բերել Արցախից։
Նշենք, որ Արցախի խորհրդարանում պատգամավորների հետ հանդիպման ժամանակ Արայիկ Հարությունյանն ասել էր, թե Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների (հունիսի 27-29-ի) հանդիպմանը քննարկվող ամենածանր թեմաներց մեկը վերաբերում է Ղարաբաղի անվտանգությանը՝ Պաշտպանության բանակին։
















































