Այս խորհրդանշական օրը, ցավոք, մենք դիմավորում ենք Արցախի համար դաժան ժամանակներում, այսօր մենք մեկ առաքելություն պետք է ունենանք՝ սատարելով պաշտպանել Արցախը։ Այս մասին ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Մենք խոսում ենք Արցախի մասին, բայց Արցախի պաշտպանությունը բերում է նաև Հայաստանի պաշտպանությանը։ Արցախում ստեղծված ներքաղաքական իրավիճակի հետ կապված ուզում եմ շատ հստակ հասկանանք, որ որպես փաստ ընդունելով նախագահի հրաժարականը՝ պետք է կարողանանք հասկանալ նաև, թե ինչ փոփոխություններով է հնարավոր լինելու հասնել ճգնաժամային արդյունավետ կառավարման։ Ռեսուրսներն ու հնարավորությունները շրջափակման պայմաններում խիստ սահմանափակ են Արցախում, ու շատ կարևոր է, որ այնտեղ լինի առաջնորդող մարդ, ով ունի հստակ սկզբունքներ, ով ինքն իր մեջ չի պարտվել և հավատում է վաղվա օրվան։ Իհարկե, նա պետք լինի նաև հասարակական վստահություն ու կառավարման փորձ ունեցող մեկը»,- ասաց նա։
Անդրադառնալով երեկ Սոթքի սահմանային դիրքերում տեղի ունեցած լարվածությանը և այդ հատվածում ռազմավարական նշանակության բարձունքների վերահսկմանը, Տիգրան Աբրահամյանն ասաց․
«Որքանով ես եմ տեղյակ այդ ուղությամբ գրեթե բոլոր բարձունքները գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Կարծում եմ, որ այս իրավիճակում Ադրբեջանի գլխավոր խնդիրը եղել է վնաս ու կորուստ պատճառելը։ Առաջնագծի բոլոր հատվածներն իրենց մեջ այսպիսի ռիսկ են պարունակում, հատկապես, երբ ՀՀ-ի ու Արցախի շուրջ անվտանգային միջավայրը կարող ենք մուգ գույներով նկարագրել։ Իրավիճակը բնականաբար նոր զարգացումների կարող է բերել։ Ադրբեջանն իր խնդիրները փորձելու է լուծել ցանկացած գնով, սրա հետ կապված Ադրբեջանի նախագահը բաց տեքստով հայտարարել է, որ իրենց խնդիրների լուծման հարցում կանգ չեն առնելու միջոցների առաջ, և որ ուժի կիրառումն ընդունված մեթոդ է»։