Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը երդվեց և ստանձնեց ՀՀ ազգային ժողովի պատգամավորի մանդատը։ Նա ԱԺ-ում փոխարինելու է մանդատը վայր դրած Անդրանիկ Թևանյանին:
Ազգային ժողովի 8-րդ գումարման 6-րդ նստաշրջանի առաջին նիստում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին արձանագրությունը, ըստ որի՝ մանդատը տրվում է «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Մհեր Մելքոնյանին:
Հիշեցնենք, որ Անդրանիկ Թևանյանն օգոստոսին հրաժարվել էր մանդատից, քանի որ «Մայր Հայաստան» դաշինքի կողմից առաջադրվել է Երևանի քաղաքապետի թեկնածու:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թևանյանին ԱԺ-ում կփոխարինի Մհեր Մելքոնյանը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օգոստոսի 24-ի հերթական նիստում հաստատել էր ԱԺ պատգամավորին մանդատ տրամադրելու արձանագրությունը։