Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի շրջակայքում հունիսի 2 -ին ծեծի է ենթարկվել նույն բուհի շրջանավարտ Նարեկ Հայրապետյանը, ով ըստ մեր տեղեկությունների ուսանողական տարիներին բուհի ուսանողական խորհրդի կազմում ակտիվ երիտասարդ է եղել և վերջերս էլ համալրել է Հայաստանի Հանրապետական կուսակցության շարքերը։ Մեր թղթակիցը կապվել է Նարեկի մոր՝ Գայանե Վարդանյանի հետ, ով նշեց որ որդին ստացած ծանր հարվածների պատճառով այս պահին չի կարողանում մտաբերել քանիսն են եղել իրեն ծեծի ենթարկողները, բայց ֆիքսել է որոշ մարդկանց, ովքեր նախկինում էլ փորձել էին կոնֆլիկտ հրահրել քաղաքական թեմայով խոսակցության ընթացքում:
«Նարեկը դեռ երկրորդ կուրսից անդամագրված էր Հանրապետական կուսակցության երիտասարդական թևի կազմում ու իսկապես կիսելով այդ կուսակցության գաղափարախոսությունը նա իր տեղում անում էր ամեն բան ավելի լավ երկիր ունենալու համար․ Այո՛, կարող եմ ասել որ նա ակտիվ կուսակցական էր»- մեզ հետ զրույցում նշեց Նարեկի մայրը։
Նա վստահ է որդուն դաժանաբար ծեծի են ենթարկել հենց քաղաքական հայացքների պատճառով, ու կասկածներ ունի նաև, որ ամուսնու Ասատուր Հայրապետյանի ՀՀԿ-ական ներկայացուցիչ լինելու փաստը ևս անդրադարձել է որդուն քավության նոխազի վերածելու համար։
Գայանեն պնդում է, որ կրկին դիմելու են ոստիկանություն, որովհետև որդին արդեն հետապնդման է ենթարկվում և կարծես թե կյանքին ևս վտանգ է սպառնում։ Հիշեցնենք, որ Նարեկը մեկ անգամ արդեն դիմել է ոստիկանական բաժանմունք՝ հայտնելով, որ իր կյանքին վտանգ է սպառնում, բայց մինչ օրս պատասխան չեն ստացել իրենց դիմումի մասով։
Հեղ. Սվետա Մարգարյան


















































