Հավաստի լուրեր

ՀԱՀԳԲ-ն հայտարարություն է տարածել

ՀԱՀԳԲ-ից NewDay.am-ին հայտնում են․

Շուրջ կես դար է անցնում այն օրվանից, երբ 1975 թվականի հունվարի 20-ին, մի խումբ հայ մտավորականներ գիտակցելով իրենց կայացրած որոշման և անելիքի ծանրակշռությունը հիմնադրեցին Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը (ՀԱՀԳԲ-ԱՍԱԼԱ)։ Նրանց նախաձեռնած ազգային ազատագրական պայքարը՝ բացառիկ կազմակերպվածության, հետևողականության և զոհողությունների շնորհիվ կրկին անգամ քաղաքական օրակարգ բերեց հայության դեմ իրագործված Ցեղասպանության և Արևմտյան Հայաստանից արտաքսման հարցը։

Կարճ ժամանակահատվածում անդրանիկ հաղթանակը արձանագրվեց նույնինքն հայկակա՛ն միջավայրում։ Հայությունը և առաջին հերթին երիտասարդությունն իր վրայից թոթափեց բարոյալքման, անզորության և պարտվողի բարոյահոգեբանական մահացու լուծը։ Հեղաշրջվեց հայ իրականությունը, հայությանը վերադարձավ իր սեփական ուժի նկատմամբ վստահությունը, իրական միասնություն կերտելու, թշնամուն հարվածելու, խուճապի մատնելու և հաղթելու համոզումը։

Շրջահայացությունը, զոհողության ոգին և անկոտրում կամքը իրագործեցին անհավանական թվացող նպատակների կատարումը։

49 տարի է անցնում այն օրերից և հայությունն ինչպես 1975 թվականին, այսօր ևս կանգնած է անորոշությունն ու հուսալքությունը հաղթահարելու և ճակատագրական մարտահրավերների նկատմամբ վճռական որոշումներ կայացնելու առջև։

Եթե որպես ժողովուրդ ընդունենք, որ և՛ 1975 թվականի նախօրեին և՛ այսօր մեր ձախողումների և ծանր կորուստների առաջին պատասխանատուն մե՛նք ենք՝ մեր անհեռատեսությամբ, օտարամետությամբ, անհագ շահամոլությամբ, հատվածապաշտությամբ և ազգային ու պետական շահի նկատմամբ հավաքական գիտակցության բացակայությամբ, թեկուզ այս դժվար պահին կարելի է հայտարարել, որ հաղթանակներ կերտելու առաջին և ամենակարևոր նշաձողը նվաճել ենք։

Սիրելի ժողովուրդ,

Ե՛վ թշնամու և՛ ինքնակոչ բարեկամների դեմքով ներկայացող օտար պետությունները փորձում են մեր մեջ սերմանել և աճեցնել հուսահատություն, անզորություն և սեփական երկրի ու պետության ճակատագրի նկատմամբ անտարբերություն, հետևաբար ամենևին պատահական չէ, որ իրենց հարվածը գալիս է հայի ձեռքով և ինչպես 1975 թվականի վերելքը կերտողներին թիկունքից դաշունահարում էին օտարամետ հայերը, նույնպես և այսօր օտար պետությունները դա անում են հայի ձեռքով՝ հոկտեմբերի 27 պետական հեղաշրջումներ կազմակերպելով, իրենց դրածո թալանչիներին կրկին իշխանության հասցնելու, հայկական պետությունը այլ երկրի ծայրագավառի վերածելու նպատակով։ Հիշե՛նք, որ Հայկական բերդը ներսից գրավելու գաղութարար տերությունների մերօրյա փորձերը հին գործելաոճ է, և դա հայոց պետականությունը քայքայելու միակ հնարավոր հնարքն է, այլապես հային անկարելի է ծնկի բերել արժանապատիվ պատերազմում։

Մեր ոչ հեռու անցյալը վկա, երբ այն շահամոլ և կուրացած հայերը, ովքեր օտարի աջակցությամբ 1958 թվականին հայի արյունը թափելով պառակտեցին ու մինչ օրս թալանում են Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին, այսօր էլ փորձում են կործանել մեր պետությունը՝ չակերտյալ ազգային արժեքներ, ավանդույթներ և երևակայական դաշնակիցներ պաշտպանելով, բայց իրականության մեջ Հայաստանն օտար պետությունների գաղութի վերածելով։

Սիրելի ժողովուրդ,

Հայրենի հողի վերջին մնացորդի վրա 2018 թվականի համաժողովրդային շարժումով դուք նվաճեցիք ժողովրդավար պետություն ձևավորելու իրավունք, տե՛ր կանգնեք ձեր նվաճմանը, օրենքի ուժով պահանջե՛ք պատժել պետությունն ավելի քան երկու տասնամյակ քայքայած և թալանած ստահակներին, որովհետև այդ փոքրաթիվ անձանց պետականակործան գործունեությունն ավելի մեծ վնաս է հասցրել ու հասցնում մեր երկրին քան որևե օտար թշնամի և հակառակորդ։

Գիտակցենք, որ առանց ներքին կայունության Հայաստանը չի կարող դիմակայել արտաքին սպառնալիքներին։ Սեփական պետությունը հարգող գիտակից ժողովրդին կամա-ակամա հարգո՛ւմ են բոլորը, մինչ օտարամետը, քծնողը, ստրուկը և աղերսողը միա՛յն արժանանում է արհամարհանքի և չարաշահման։

Սիրելի ժողովուրդ,

Հայաստանի Հանրապետությունը քայլ առ քայլ վերածվում է սեփական ուժով իր անվտագնությունը ապահովող երկրի, թեպետ հապաղումներով և տեղքայլերով, այնուամենայնիվ երկրի կենասական ոլորտները ծաղկում են: Եթե անցյալում մեր պետությունը խղճալիորեն աղքատ էր, իսկ իշխանականները հարուստ, այսօր՝ ի հեճուկս 2020 թվականի պատերազմի և Արցախի դավադիր հայաթափման իրողության, երկիրն ունի աննախադեպ տնտեսական աճ։ Այդ է պատճառը, որ բոլոր կենսական ոլորտներին այդ թվում կրթությանը, գիտությանը կամ պաշտպանությանը հատկացվում է կրկնապատիկ և եռապատկիկ բյուջե։

 Սիրելի ժողովուրդ,

Պետության կերտումը, հատկապես մեր աշխարհաքաղաքական բարդ, անկայուն և անկանխատեսելի զարգացումներով տարածաշրջանում, պահանջում է շրջահայաց, հետևողական և դժվար աշխատանք, սակայն մենք համոզված ենք, որ եթե մի բուռ սփյուռքահայեր հավատքի, հստակատեսության և զոհողության շնորհիվ հաջողեցին ամբողջովին մոռացության մատնված Հայկական հարցը կրկին անգամ միջազգային օրակարգ բերել, վստահաբար Հայաստանից Սփյուռք հայ ժողովրդի հավաքական կամքը կարող է կերտել իր պատմությանը և բեղուն քաղաքակրթությանը արժանի ծաղկուն, անվտանգ և հզոր պետություն։

ՀԱՀԳԲ-ի հիմնադրման 49-ամյակին, խոնարհվում ենք մեր բոլոր նահատակների հիշատակի առջև և միասնություն և հավատք մաղթում հերոսներ ծնող և պատմություն կերտող մեր ժողովրդին։

Հաղթանակը պայքարող ժողովրդինն է:

Փառք հերոսածին հայ ժողովրդին:

20 հունվարի 2024թ.

Facebook
Twitter
LinkedIn
Pinterest