ԱԺ-ում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի խնդրի քննարկման ժամանակ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյան՝ պատասխանելով Հրազդան քաղաքում շների սպանդի վերաբերյալ հարցին հայտարարեց, որ Հրազդանում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական վարույթ են նախաձեռնել, երկու դեպք է տեղի ունեցել, մեկը թունավորում, մյուսը մասսայական սպանդ, հանցագործությունները դեռևս բացահայտված չեն։
Նա հայտնեց, որ օպերատիվ-հետախուզական աշխատանքները շարունակվում են և այլ տվյալներ չի կարող տրամադրել։
Անդրադառնալով մեքենաներով շներին վրաերթի ենթարկելու վերաբերյալ հարցին՝ ոստիկանության պետի տեղակալն ասաց, որ Քրեական օրենսգրքի 307 հոդվածը, որը նախատեսում է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն դիտավորյալ հանցագործություններից է։
Անզգուշությամբ կենդանուն մահ պատճառելը քրեական պատասխանատվություն չի նախատեսում։