Հավաստի լուրեր

Երեխայի ծննդով պայմանավորված ո՞ր նպաստներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից տեղահանված անձինք

ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք կարող են դիմել երեխայի ծննդով պայմանավորված հետևյալ նպաստների նշանակման համար (պարտադիր պայման է ՀՀ-ում ունենալ բնակության վայրի

հաշվառում)`

  • մայրության նպաստ,
  • երեխայի ծննդյան միանվագ նպաստ,
  • խնամքի նպաստ։

Մայրության նպաստ։ Մայրության նպաստի իրավունք ունեն ինչպես աշխատող, այնպես էլ չաշխատող անձինք։ Տեղահանված այն անձինք, ովքեր ՀՀ-ում վարձու աշխատող չեն և ԼՂ-ում չեն ստացել մայրության նպաստ, կարող են դիմել մայրության նպաստի նշանակման համար (որպես չաշխատող անձ)։

Չաշխատող անձանց դեպքում՝ նպաստի չափը ներկայում 172,500 դրամ է։

Նշենք, որ հայրենակիցներին ՀՀ-ում մայրության նպաստ նշանակելն ապահովող պարզեցված ընթացակարգեր են սահմանվել։ Ըստ այդմ, նպաստը նշանակվում և վճարվում է այն անձանց, ովքեր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել են հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի (140 օրվա) կամ երեխայի ծննդյան օրվանից հետո՝ 70 օրվա ընթացքում և մայրության նպաստ նշանակելու համար դիմել են 2023 թվականի դեկտեմբերի 11-ից հետո՝ 140 օրվա ընթացքում։

Եթե տեղահանված անձը նախածննդյան հսկողության է կանգնել (հաշվառվել) կամ ծննդաբերել է ԼՂ բժշկական կազմակերպությունում, ապա նրան մայրության նպաստ կնշանակվի, եթե համապատասխան տեղեկատվական բազայում առկա տվյալների համաձայն՝ նրան ԼՂ-ում նպաստ չի նշանակվել։

Մայրության նպաստի նշանակման համար անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ ներկայացնելով անձնագիր, ՀԾՀ և ժամանակավոր անաշխատունակության թերթիկ (դրա բացակայության դեպքում՝ երեխայի ծննդյան վկայական)։

Երեխայի ծննդյան միանվագ նպաստ։ Տվյալ նպաստի իրավունք ունեն երեխայի ծնողը, որդեգրողը կամ խնամակալը: Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում և վճարվում է, եթե ծնողը և նորածին երեխան հաշվառված են ՀՀ բնակության վայրի հասցեով:

Նպաստը նշանակվում է, եթե դիմումը ներկայացվել է նոր ծնված երեխայի ծննդյան ամսվանից հետո՝ 12 ամսվա ընթացքում:

Եթե նորածին երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է Լեռնային Ղարաբաղի իրավասու մարմինը, ապա նպաստ նշանակվում է, եթե այնտեղ այդ երեխայի ծննդյան կապակցությամբ նպաստ չի նշանակվել և վճարվել։

Այսպիսով, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձը կարող է դիմել երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման համար, եթե դիմող ծնողը և երեխան հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով, ԼՂ-ում այդ երեխայի համար ծննդյան միանվագ նպաստ չի նշանակվել։

Այն դեպքում, երբ երեխայի մեկ տարին լրացել է 2023 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում՝ 12 ամսյա ժամկետը հաշվարկվում է 2023 թվականի հունվարի 1-ից։

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերն են՝

  • առաջին երեխայի դեպքում` երեք հարյուր հազար դրամ,
  • երկրորդ երեխայի դեպքում` երեք հարյուր հազար դրամ,
  • երրորդ երեխայի դեպքում` մեկ միլիոն դրամ,
  • չորրորդ երեխայի դեպքում` մեկ միլիոն դրամ,
  • հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի դեպքում` մեկ միլիոն հինգ հարյուր հազար դրամ։

Միաժամանակ մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում ծննդյան միանվագ նպաստի չափը յուրաքանչյուրի համար նշանակվում է նոր ծնված երեխաներից ամենաբարձր կարգաթիվ ունեցող երեխայի համար սահմանված չափով։

Նպաստի նշանակման համար անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ ներկայացնելով անձնագիր, ՀԾՀ կամ երեխայի (երեխաների) ծննդյան վկայական կամ դիմել առցանց՝ www.socservice.am կայքջում։

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ։ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է օրենքով սահմանված կարգով, ընդ որում՝ 2023 թվականի հոկտեմբերի 1-ից ոչ շուտ:

ՀՀ-ում մինչև 2023 թ․հունվարի 1-ը ծնված երեխաներին նպաստ նշանակվում է այն դեպքում, եթե ծնողը ՀՀ-ում գտնվում է Աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում կամ ՀՀ գյուղական բնակավայրի հասցեով ծնողը հաշվառված է 1 տարի անընդմեջ, իսկ երեխան՝ դիմելու օրվա դրությամբ: Այս դեպքում, նպաստի չափը կազմում է 31,600 դրամ: Լեռնային Ղարաբաղում գրանցված գործատուի մոտ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու հանգամանքը չի կարող հիմք լինել խնամքի նպաստ նշանակելու համար:

Հետևաբար, օրինակ, եթե երեխան ծնվել է 2022 թ․ ԼՂ գյուղական կամ քաղաքային բնակավայրում, ծնողներից առնվազն մեկը ԼՂ-ում գտնվել է խնամքի արձակուրդում, ապա վերջիններս ՀՀ-ում չեն կարող ունենալ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք։

Եթե երեխան ծնվել է 2023 թ․ հունվարի 1-ից հետո, անկախ ծնողի՝ քաղաքաբնակ կամ գյուղաբնակ, աշխատող կամ չաշխատող լինելու հանգամանքից, ՀՀ-ում կարող է դիմել խնամքի նպաստի նշանակման համար՝

  • եթե տվյալ ամսվա 1-ի դրությամբ՝ ծնողը չի գտնվի խնամքի արձակուրդում, ապա նպաստի չափը կազմում է 31,600 դրամ,
  • եթե տվյալ ամսվա 1-ի դրությամբ ծնողը գտնվի խնամքի արձակուրդում, ապա նպաստի չափը կազմում է 37,500 դրամի չափով։

Ընդ որում, ծնողը և երեխան պետք է հաշվառված լինեն ՀՀ-ում բնակության վայրի հասցեով և խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ երեխան պետք է գտնվի երկրում։

Նպաստի նշանակման համար անհրաժեշտ է դիմել ՄՍԾ տարածքային կենտրոն՝ ներկայացնելով անձնագիր, ՀԾՀ, երեխայի (երեխաների) ծննդյան վկայական կամ դիմել առցանց՝ www.socservice.am կայքէջում։

Facebook
Twitter
LinkedIn
Pinterest