Հավաստի լուրեր

Սրբադասել Հայաստանի և Արցախի անկախության համար նահատակվածներին. Արմեն Աշոտյանի առաջարկը՝ Վեհափառին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հերթական հոդվածն է հրապարակել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից։ Այն ներկայացնում ենք ստորև․

«Ի սկզբանե ակնհայտ էր, որ Հայաստանի և հայ ժողովրդի դեմ մղվող պայքարը, նախևառաջ, արժեհամակարգային է, քաղաքակրթական է, իսկ մնացածը` սարքած պատերազմը, դիտավորյալ պարտությունը, ադրբեջանական անպատասխան ագրեսիան, Արցախի հայաթափումը, ներքաղաքական բախումները և այլն, ընդամենը հայ ժողովրդի համակարգային ոչնչացման դրսևորումներից են:

Փաշինյանի վերջին ամիսների գործողություններն էլ ավելի բացահայտ և ուղիղ են, ներառյալ` նոր Սահմանադրություն ունենալու նախաձեռնությունը:

Ընդդիմադիր քաղաքական և հասարակական շրջանակների անհաջողությունները Նիկոլին հեռացնելու փորձերի ընթացքում բացատրվում են նաև այս հանգամանքով. միայն քաղաքական գործիքակազմով հնարավոր չէ հաղթել քաղաքակրթական պայքարում: Ակնհայտ է առավել ընդգրկուն պայքարի մոդելը, որի հիմքում պետք է դրվեն հայ ժողովրդի «ով» լինելու թարմացված բնութագրիչները: Պատկերավոր ասած` Փաշինյանը 2018-20թթ. ներթափանցեց հայի ինքնության տաճարը, 2020-ի պատերազմի ընթացքում Ալիևի հետ միասին պայթեցրեց այդ տաճարի հենասյուները, իսկ դրանից հետո փորձում է մաքրել «շինհրապարակը» փլատակներից և քանդել նրա ֆունդամենտը: Առաջացած վակուումը նա լցնելու է սպառողական մտածելակերպով օժտված, հոգևորն ուրացած և կենսաբանական կարիքները գերակա համարող «քաղաքացիներով»:

«Նոր Սահմանադրության» դավադրությանը, որ անթաքույց թուրք-ադրբեջանական հերթական օպերացիան է Փաշինյանի կատարմամբ, պետք է հակադրել ոչ միայն քաղաքական գործիքակազմ, այլև ասիմետրիկ նախաձեռնություններ` արժեքների, սիմվոլների, խորհրդանիշների դաշտում:

Ահա այսպիսի մի նախաձեռնությամբ էլ ցանկանում եմ հանդես գալ այս հոդվածում:  Առաջարկս գուցե ուշացած է, բայց ստեղծված իրավիճակում՝ արժեհամակարգային պատերազմի այս թեժ փուլում, կարող է ոչ միայն արդար և հիմնավորված լինել, այլև խիստ էֆեկտիվ:

Առաջարկում եմ դիմել Վեհափառ Հայրապետին` սկսելու 1988-ից առ այսօր Հայաստանի և Արցախի անկախության համար նահատակվածների սրբադասման գործընթացը: Խմբային սրբադասման նախադեպը և փորձը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի. 2015-ին սրբադասվեցին Հայոց ցեղասպանության նահատակները:

Առաջարկի հիմնավորումներն ակնհայտ են.

1. Հայրենիքի համար նահատակվելը

2. Նահատակների սխրանքները վերարժևորելը

3. Նոր համազգային գործընթաց մեկնարկելը, ներառյալ` Սփյուռքը

4. «Հանուն ոչնչի զոհվեցին»փաշինյանական թեզի դեմն առնելը

5. Հայաստանի և Արցախի համար պայքարի կարևորությունը վերահաստատելը:

Այս շարքը կարելի է շարունակել` լիարժեք քննարկելով մտահղացումը հանրային, հասարակական, եկեղեցական, քաղաքական շրջանակներում: Լսել բոլոր փաստարկներն ու հակափաստարկները, և դիմել Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ով քանիցս ապացուցել է, որ Հայոց Եկեղեցին աննկուն է Աստծո, Հայրենիքի և ժողովրդի համար մղվող իր առաքելության մեջ»:

Facebook
Twitter
LinkedIn
Pinterest