Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ հայ երաժշտարվեստի զարգացման գործում և Երևան քաղաքի մշակութային կյանքում ունեցած նշանակալի ավանդի, ինչպես նաև «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի կազմավորման կապակցությամբ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ , դիրիժոր Էդուարդ Թոփչյանը պարգեատրվել է «ԱՐԳԻՇՏԻ ԱՌԱՋԻՆ» հուշամեդալով։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը դեռևս ոգեշնչվելու և հպարտանալու բազմաթիվ առիթներ է ընձեռելու։ Ավինյանը նաև մանրամասներ է ներկայացրել նվագախմբի կազմավորման վերաբերյալ։
«Ընդամենը 3 ամիս առաջ էր, երբ մաեստրո Էդուարդ Թոփչյանի հետ հանդիպեցինք նոր ձևավորվող «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի մասնակիցների, ծնողների ու ուսուցիչների հետ և պայմանավորվեցինք բոլորս միահամուռ կերպով նպաստել այս գեղեցիկ նախաձեռնության կյանքի կոչմանը։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ
պատանեկան նվագախումբն արդեն իրողություն է, որի հաջողության գրավականը մեր բոլորիս միասնականությունն ու հաստատակամությունն էր»,-գրառել է քաղաքապետը։
Ավինյանը վստահ է, որ նվագախումբը փոխելու է երաժշտական կրթության նկատմամբ վերաբերմունքը:
«Շնորհակալություն եմ ուզում հայտնել պատանիներին, նվագախմբի փորձավարներին, ուսուցիչներին, ծնողներին և իհարկե մաեստրո Էդուարդ Թոփչյանին՝ մեր բոլորիս միասնական նպատակը կյանքի կոչելու ու նվիրական աշխատանքի համար»,-եզրափակել է քաղաքապետը։