Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը լրագրողներին հայտնեց, որ համայնքի բնակիչները չեն կարող գալ ու այստեղ ապրել, նրանք բազմիցս եկել են իր մոտ և խնդրել, որ տարածքը սեփականաշնորհվի։
«Ես ասել եմ, որ սեփականաշնորհելու տարբերակ չկա, իրենք ժամանակին հանդիպել են Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի հետ, նա էլ է նույն բանը պատասխանել, որ սա 60-րդ հոդվածի տակ գտնվող տարածք է ու անհնար է սեփականաշնորհել։ Երևանի քաղաքապետը երկուշաբթի օրը գործակարգավարականի ժամանակ հստակ հայտարարել է, որ պետք է սկսել սահմանազատման աշխատանքները»,- ասաց նա։
Հարցին՝ որ բնակիչներից մեկն անչափահաս երեխաների հետ մնալու է դրսում, ի՞նչ են առաջարկում այս ընտանիքներին, ինչ սոցիալական աջակցություն կարող են ցուցաբերել նրանց, Տիգրան Տեր-Մարգարյանը պատասխանեց․
«Ես իր սեփական տո՞ւնն եմ քանդում, աջացության հարցը կարող ենք քննարկել, բայց որևէ բան խոստանալ չենք կարող։ Մարդկանց դրսում չենք թողնում, սա զավթած տարածք է։ Այսինքն, եթե վաղը մոստի տակ ապրող երեք հոգի լինեն, այդ մոստը քանդվի, ես պարտավոր եմ այդ մոստի տակ ապրողներին կացարանով ապահովե՞լ։ Այդ մարդիկ փաստացի տուն չունեն, տարիներ ի վեր զավթել են կանաչապատ տարածք, որը համայնքինն է։ Այստեղ կա ընտանիք, որն ունի սեփականության վկայական, այդ մարդուն այսօր ապահովել ենք արդեն բնակարանով»։
Շրջանի ղեկավարը վստահեցրեց, որ այդ տարածքը չի վաճառվելու։
«Պաշտոնապես հայտարարում եմ այս տարածք չի վաճառվելու։ Այստեղ շենքեր չեն լինելու, այլ լինելու է բարեկարգ կանաչապատ տարածք»,- ասաց նա։
Նա նաև հավելեց, որ նախկին քաղաքապետերն արել են բացթողումներ, ինչը հիմա շտկում է Ավինյանը։ Ինքը որպես վարչական շրջանի ղեկավար ամեն ինչ անելու է, որ այս տարածքը վերադարձվի համայքին։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ Գայի պողոտայի սկզբնամասում՝ Թաթուլ Կրպեյանի անվան այգու ու Վալենսիա համալիրի միջեւ ընկած ինքնակամ կառուցված բնակելի տները քանդվելու են։ Բնակիչները քաղաքապետի որոշմանը դեմ են և փորձում են արգելել քանդման աշխատանքները։ Նրանք նշում են, որ իրենց ծանուցում չի եկել և ընդամենը 2 օր ժամանակ են տվել՝ տները լքելու համար։ Այժմ տարածք են բերվել մեծ թվով ոստիկաններ՝ հասարակական կարգը պահպանելու համար։


















































