Եվրախորհրդարանի այսօրվա նիստին քվեարկության է դրվելու ԵՄ-ի և Հայաստանի միջև կապերի սերտացման, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին բանաձևը։
Փաստաթղթի նախագծում Եվրախորհրդարանի պատգամավորներն առաջարկել են դիտարկել Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը։
Եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալով և շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումների ուղին, դա կարող է հիմք հանդիսանալ ԵՄ-Հայաստան հարաբերություններում փոխակերպման փուլի համար:
Պատգամավորները կոչ են արել նաև Եվրոպական դաշինքի գործադիր իշխանություններին՝ հանձնաժողովին և խորհրդին, ակտիվորեն աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ համագործակցության ընդլայնման գործում՝ ոչ միայն տնտեսական գործընկերության, այլև քաղաքական երկխոսության, անվտանգության, մարդկանց միջև շփումների, ոլորտային ինտեգրման ոլորտներում։
Ընդգծվել է նաև, որ ՌԴ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա շատ մեծ է և կոչ է արվել Հայաստանին զգոնություն ցուցաբերել ԵՄ պատժամիջոցների հնարավոր շրջանցման նկատմամբ.
«Լիովին տեղյակ ենք սպառնալիքների մակարդակի և բազմազանության մասին, որոնք Ռուսաստանի Դաշնությունը կարող է փորձել օգտագործել Հայաստանի դեմ՝ պատժելու նրան իր անկախ քաղաքական և ռազմավարական ընտրությունների համար: ԵՄ-ն պետք է պատրաստ լինի արագ օգնություն ցուցաբերել Հայաստանին՝ մեղմելու ցանկացած նման ոչ բարեկամական քայլերի բացասական հետևանքները»: