Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ Եվրոպական խորհրդարանը երեկ ընդունել է ԵՄ-ի ու Հայաստանի միջև ավելի սերտ կապերի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի անհրաժեշտության մասին բանաձևը։
Ըստ Փաշինյանի՝ բոլոր խմբակցությունների աջակցությունը ստացած այս փաստաթուղթն ընդունվել է 504 կողմ, 4 դեմ, 32 ձեռնպահ ձայներով։ Բանաձևը 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա անսասան աջակցություն է արտահայտում Հայաստանի Հանարպետության ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու անկախությանը։ Նաև աջակցություն է հայտնում ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև խաղաղության ջանքերին։ Այս բանաձևով ԵԽ-ն արձանագրել է ՀՀ-ի ձեռքբերումները ժողովրդավարության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում, ինչը չափազանց կարևոր է մեր երկրի միջազգային ընկալման համար։ Բանաձևը մեջբերել է նախորդ տարի հոկտեմբերի 17-ին ԵԽ-ի ամբիոնից իմ արած հայտարարությունը, թե ՀՀ-ն պատրաստ է այնքան մոտ լինել ԵՄ-ին, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի՝ արձանագրելով, որ եթե ՀՀ-ն կցանկանա ԵՄ-ի անդամության թեկնածու դառնալու հայտ ներկայացնել, ԵՄ ինստիտուտները պետք է աջակցեն։
Նա նաև ասաց, որ սա ՀՀ-ում հանրային քննարկման առարկա պետք է դառնա։
«Սա ևս մեկ առիթ է քննարկելու ՀՀ-ի ապագայի տեսլականը, և հույս ունեմ, որ ՀՀ քաղաքական ուժերը, հասարարակական կազմակերպությունները, հանրության տարբեր շերտեր, քաղաքացիներ վերաբերմունք կարտահայտեն ԵԽ-ից հնչող այս ուղերձի վերաբերյալ։ Նման ուղերձներն ունեն շատ ավելի լայն արձագանքի կարիք քան կառավարությունը կամ խորհրդարանական մեծամասնությունը։ Միևնույն ժամանակ պետք է արտահայտեմ ՀՀ կառավարության կամքը՝ շարունակելու աշխատանքները ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա խորացման ու զարգացման ուղղությամբ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։