Հավաստի լուրեր

Իշխանությունը թիրախավորում է պարզ քաղաքացու, ով ընդամենը իր քաղաքական-քաղաքացիական դիրքորոշումն է արտահայտել․ «Միասնություն» շարժում | «Սամվել Վարդանյանի դшժшն խnշտшնգnւմը անձամբ ՔՊ ղեկավարի քաղաքական պատվերի արդյունքն է»․ Հայաստանի հելսինկյան կոմիտե | Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել | ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՖՈՏՈՇԱՐՔ․ Ոստիկանության մի խումբ ծառայողներ պարգևատրվել են | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թшղnւմ ենք գնացել, հшնգուցյալի տուն Նիկոլն էր գնացել. nuկեպшրցիներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոսկեպարցին զգոնությունը չի կորցնում երբեք, բայց տրամադրություններս փոխվել է. ոսկեպարցի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ հարցեր էր տալու Սուրեն Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոսկեպшրի և Բերքшբերի եռանկյունիներն են առաջարկում փոխանակել. Մախսուդյան | ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 67 կգ դեղորայքի տեղափոխումը | 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ uեքunւшլ բնnւյթի բռնի գnրծnղnւթյnւններ է կատարել և uպшնել | Տավուշցիների հետ հանդիպումից հետո, Նիկոլ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ. Նազելի Բաղդասարյան | ՈՒՂԻՂ. Հրшտшպ եթեր Ոսկեպարից. ի՞նչ է ասել Փաշինյանը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանն անվտանգության շքախմբով հեռանում է Տավուշից | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը Վիլնյուսում ընդունել է Լիտվայի Սեյմի նախագահը | Պուտինն ու Ալիևը որոշում են կայացրել ԼՂ-ից ռnւu խшղшղшպшhների վաղաժամկետ դուրսբերման մասին

Լրահոս

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք ծափահարում ենք ԵՄ-ին և անհամբերությամբ սպասում թարմացված գործընկերության առաջնահերթություններին. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից NewDay.am-ին հայտնում են․

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթ է ունեցել Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 11-րդ լիագումար նստաշրջանում։

Հարգելի՛ համանախագահներ,

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի անդամներ,

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Ինձ համար մեծ պատիվ է նման հարգարժան լսարանի առջեւ ելույթ ունենալը:

Կցանկանայի խոսքս սկսել՝ շնորհակալություն հայտնելով Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նախորդ նստաշրջանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանքով առաջացած մարդասիրական հարցերի վերաբերյալ ընդունված բանաձեւի համար, որը, ի թիվս այլ հարցերի, անդրադառնում էր նաեւ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակմանը, անհայտ կորած անձանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրմանն ու տարածաշրջանում մշակութային ժառանգության պահպանության նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկելուն:

Անցյալ տարի սեպտեմբերին, երեք օրվա ընթացքում, մենք ականատես եղանք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ամբողջական էթնիկ զտմանը, երբ նրանք ստիպողաբար լքեցին իրենց պատմական հայրենիքը: Միայն թե աշխարհը հետեւողական լիներ Հայաստանի զգուշացումներին առ այն, որ Ադրբեջանի ռազմատենչ, հակահայկական հռետորաբանությունը, Լաչինի միջանցքի շրջափակումն այս ողբերգության նախերգանքն էին, այն հնարավոր կլիներ կանխել:

Այսպիսի աշխարահաքաղաքական զարգացումները եւս մեկ անգամ ի ցույց են դնում այն մարտահրավերները, որոնց բախվում է ժողովրդավարությունն ամբողջ աշխարհում: Համախմբվածությունը՝ ի պաշտպանություն համընդհանուր արժեքների, օրվա հրամայական է. մարդու իրավունքները պետք է հարգվեն, առավելապաշտությունը պետք է մերժվի, ջանքերը պետք է ուղղվեն համաշխարհային խաղաղությանն ու կայունությանը:

Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության բռնի տեղահանումից հետո մեր կառավարությունը կենտրոնացրել է իր ջանքերը՝ հոգալու ավելի քան 100.000 փախստականների մարդասիրական կարիքները: Այս առումով, ես իմ շնորհակալությունն եմ հայտնում Եվրամիությանը եւ ԵՄ անդամ պետություններին բռնի տեղահանվածների առաջնային կարիքները հասցեագրելու համար տրամադրված մարդասիրական օժանդակության համար:

Անկասկած, շարունակական աջակցություն է անհրաժեշտ՝  օգնելու այս մարդկանց վերակառուցելու իրենց կյանքը, եւ մենք լիահույս ենք, որ ԵՄ-ն կշարունակի աջակցել՝ կյանքի կոչելու սոցիալական այն ծրագրերը, որ մշակվել են Հայաստանի կառավարության կողմից՝ բռնի տեղահանվածներին կացարանով եւ աշխատանքով ապահովելու նպատակով:

Չնայած անվտանգության մարտահրավերներին, որոնց Հայաստանը առերեսվել է վերջին ամիսներին՝ մենք հաստատակամ ենք մեր վճռականության մեջ՝ կառուցելու մի հասարակություն, որը լիովին կարտացոլի մեր արժեքները. արժեքներ, որոնք մենք կիսում ենք ԵՄ-ի հետ: Մենք ծափահարում ենք ԵՄ-ին մեր համագործակցությունը խորացնելու հանձնառության համար եւ անհամբերությամբ սպասում թարմացված գործընկերության առաջնահերթություններին, որոնք կարտացոլեն մեր համատեղ մոտեցումները:

Ցանկանում եմ հղում կատարել Հայաստանի Հանրապետության  վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատմական հայտարարությանը, ով 2023 թվականի հոկտեմբերին հստակ բարձրաձայնել է Հայաստանի մտադրությունն էլ ավելի մոտենալու ԵՄ-ին:

Այս համատեքստում, մենք դիտարկում ենք Արեւելյան գործընկերությունը, որ խթանել է ավելի սերտ համագործակցություն լայն օրակարգով՝ որպես ամուր հիմք Հայաստան-ԵՄ հարաբերությունների համար:

Արեւելյան գործընկերությունը հսկայական ներդրում է ունեցել իմ երկրում ժողովրդավարության զարգացման գործում, որը միանշանակորեն ընտրել է ժողովրդավարացման եւ բարեփոխումների ուղին: Հայաստանը հաստատակամ է շարունակելու այս ճանապարհը Եվրամիության աջակցությամբ: Հայաստանը մնում է հանձնառու տարածաշրջանում կայուն եւ արժանապատիվ խաղաղություն ստեղծելուն:

Թույլ տվեք օգտվել այս պահից եւ շնորհակալություն հայտնել ԵՄ խորհրդին՝ ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանում տեղակայելու եւ հետագայում ընդլայնելու համար: ԵՄ-ի առաքելության տեղակայմամբ Հայաստանում բարելավվել է անվտանգային իրավիճակը երկրի սահմանամերձ շրջաններում:

Մենք անհամբերությամբ ենք սպասում մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելուն՝ որպես Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի մաս: Սա կլինի Հայաստան-ԵՄ համագործակցության հերթական շրջադարձային քայլը, որը, մարդկանց միջեւ շփումները խթանելուն զուգահեռ, շատ կարեւոր քաղաքական ուղերձ կհղի Հայաստանի ժողովրդին:

Հարգելի՛ գործընկերներ, տարածաշրջանային անվտանգությունն ու Հայաստանի պաշտպանողական կարողությունները զարգացնելն ու  դիվերսիֆիկացնելը մնում են առաջնահերթություն մեզ համար: Այս առումով մենք կարեւորում ենք խաղաղության եվրոպական գործիքի միջոցով Հայաստանին աջակցության տրամադրումը, միաժամանակ մենք աջակցություն ենք փնտրում ԵՄ անդամ բոլոր պետություններից:

Խոսքիս ավարտին ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Եվրախորհրդարանին՝ Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ ավելի սերտ հարաբերությունների, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության վերաբերյալ  ընդունած վերջին բանաձեւի համար: Սա եւս մեկ վառ ապացույց է Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ առկա բարձր մակարդակի ներգրավվածության, որի հիմքում ընկած է համատեղ լայնամասշտաբ տեսլական, որն իր հերթին արտացոլում է նաեւ հայ ժողովրդի կամքն ու ձգտումները:

Շնորհակալություն:

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև