Ոսկեպարում բնակիչների հետ հանդիպման ժամանակ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ միակողմանի տարածքների հանձնումն առաջին հերթին անօրինական է:
Ըստ Օհանյանի՝ սա Ոսկեպարի, Կիրանցի, Տավուշի հարցը չէ, սա ողջ հայ ժողովրդի հարցն է: Ոչ ոք առանց գոյություն ունեցող լավագույն փորձի, առանց գոյություն ունեցող ընթացակարգերի այստեղ սահմանազատման հետ կապված հարցեր լուծելու:
«Եթե երկու թշնամի պետություններն ուզում են իրենց կամարտահայտությամբ որոշում ընդունել, որ դառնում են խաղաղ հարևան պետություններ, գալիս են համաձայնության՝ համաձայնագիր ստորագրելով։ Դրանից հետո երկարատև աշխատանք է իրականացվում քարտեզների վրա։ Հիմա երկու երկրների միջև համաձայնություն չկա, խաղաղ ապրելու համաձայնագիր չկա, սա խախտումներից մեկն է»,- ասաց Օհանյանը։
Օհանյանի խոսքով՝ բացի այդ, չկան քարտեզներ, որոնցով սահմանազատում պիտի արվի, Ադրբեջանը չի համարվում Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը։ Չկա քարտեզ, չկա համաձայնություն, իսկ երկրի ղեկավարությունը անձնական պատճառներով հողերը հանձնում է։
Օհանյանը նաև հավելեց, որ Ադրբեջանի հետ ունենք մոտ 1000 կմ սահման և ամբողջ սահմանով պետք է լինի սահմանազատում ու սահմանագծում, ոչ թե հատվածային։

















































