Լրագրողների հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը հայտնեց, որ երեկ ոսկեպարցիները հայտնեցին, որ եկեղեցուց այն կողմ ադրբեջանցիներ են եղել, որոնք ինչ-որ աշխատանքներ են արել, ծառեր են կտրել։
«Դարձյալ փորձում են ապօրինի կերպով իրենց գործընթացը տանել առաջ։ Ստեղծվում է մի իրավիճակ, որ այս իշխանություններն ամեն կերպ փորձում են իրենց առջև դրված խնդիրը լուծել, թուրքին բերել, նստացնել այս վայրերում»,- ասաց Գառնիկ Դանիելյանը։
Նա նաև հավելեց․ «Ադրբեջանի սահմանապահ զորքերն ընդամենը անունով են սահմանապահ զորքեր, իրականում դա իրենց բանակն է, իրենց բանակը հագել է սահմանապահի համազգեստ, զինտեխնիկան նույնն է։ Իսկ մեր սահմանապահը, որ պետք է կանգնի սահմանին, ընդամենը զինված է լինելու «Կալաշնիկով» ավտոմատով, այլ պատրաստվածություն չունի։ Դա հավասազոր չէ»։
Նշենք՝ նախօրերին լուրեր էին տարածվել, որ Ոսկեպարի հատվածում ադրբեջանցիներն առաջխաղացում են գրանցել։

















































