Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից:
«Ժողովրդավարության դպրոցի»1-ին հոսքի շրջանավարտների կրթական ծրագրի ամփոփման ժամանակ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ պետք է ինքներս կարողանանք ձևակերպել հարցը, հավաքագրել հարցի պատասխանի համար անհրաժեշտ բոլոր փաստերն ու հետևել փաստերին, օբյեկտիվ առնչվել այդ փաստերի հետ, անել եզրակացություններ, որոնք հենվում են փաստերի վրա։
Ըստ Փաշինյանի` շատ կարևոր է, որ օրենքը, օրինականությունն ու իրավակարգը մարդը չընկալի որպես իր ազատությունները կաշկանդող հանգամանք, որպես իր համար դժվարություններ ստեղծող հանգամանք:
Նա նշել է, որ պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց:
«Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք չենք ճանաչում ինքներս մեզ»,- հավելել է Փաշինյանը: