Իմփիչմենթի գործընթացի, երկրում տեղի ունեցող հանրահավաքների և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ։
-Պարոն Աղազարյան, ընդդիմությունը իմփիչմենթի գործընթաց է սկսել, ի՞նչ կարծիք ունեք շանսեր կա՞ն։
-Դա անիմաստ ժամանակի վատնում է, որովհետև իմփիչմենթ անելու համար նույնիսկ ստորագրությունները չի բավարարում, որ հարցը մտնի օրակարգ։ Հարցը օրակարգ մտնելու համար ամենաքիչը մեր խմբակցությունից 19 պատգամավոր պետք է միանա այդ նախաձեռնությանը, իսկ դա անհնար է։
-Բացառո՞ւմ եք, որ կգտնվեն այդպիսի պատգամավորներ։
-Մեկ հոգի էլ չի միանա այդ նախաձեռնությանը։ Մենք գտնում ենք, որ վարչապետին ընտրել ենք և իր հետ միասին պետք է հաշվետու ժամանակահատվածում իրականացնենք մեզ վրա վերցրած պարտավորությունները կամ թերացումները։
-Ընդունո՞ւմ եք, որ այս պահին բավականին մեծ դժգոհություն կա վարչապետի ու ձեր թիմի նկատմամբ, 2018 թվին էլ կար համոզմունք իշխող ուժի մոտ, որ անփոխարինելի են։
-Իմ կարծիքը սուբյեկտիվ է, կարող եմ սխալվել, բայց տարբերությունը կայանում է նրանում, որ 2018 թվականին ոչ թե մեր մեր թիմը հեղափոխություն արեց, այլ մենք ընդամենը որոշակի կազմակերպչական գործընթաց արեցինք, հեղափոխությունը ժողովուրդն արեց։ Այն ժամանակվա հենքը ուրիշ էր, հիմա ուրիշ է, բայց էլի եմ ասում՝ իմ կարծիքը համարեք սուբյեկտիվ։
Իհարկե, մեր թիմի հանդեպ դժգոհություն կա, մեկը դժգոհում է, որ մենք Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին չպահեցինք բանտում, մեկը դժգոհում է, որ թալանածները չենք կարողանում հետ բերել, պետք է ասեմ, որ այստեղ գործընթացները բավականին առաջ են գնացել, մեկը դժգոհում է, որ իրեն պաշտոն չտվեցինք, տարբեր դժգոհություններ կան։ Ես հարգում եմ բոլոր այն մարդկանց, որոնք իրենց քաղաքական կեցվածքը մեր դեմ հիմնավորում են իրենց արժեհամակարգին ու սկզբունքներին համաձայն, այդ մասսան է ուժեղ և որոշիչ մասսա, որոնց կարծիքի հետ կարող է պատահել ես համաձայն չլինեմ, բայց հարգեմ։
-Պարոն Աղազարյան, փողոցի ճնշումը իշխանափոխության կբերի՞։
-Եթե հարյուր հազարների մասին է խոսքը, ապա դա էական ազդեցություն կունենա, եթե խոսքը գնում է տաս, քսան, երեսուն հազարի մասին, ապա այդտեղ մի տարբերակ կա միայն, որ իքս պահի Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի առանցքի շուրջ հավաքված մարդիկ կազմակերպեն, իրավիճակ ստեղծեն, որ այդ իրավիճակում 200-300 հոգի գլխակերներ 10-15 հոգի կառավարությունից, պատգամավորներից ֆիզիկապեա ոչնչացնեն և հետո մնացածն իր հունով կգնա, իրենց պատկերացումներով։ Այլ կերպ չէ, որովհետև իրենք պատրաստ չեն ընտրություններով գան իշխանության, որովհետև գիտեն ընտրություններով չեն գա իշխանության։
Ես չեմ ասում ժողովուրդը միայն մեզ կընտրի կամ հիմնականում մեզ ձայն կտա, բայց իրենց հաստատ չի տա, էլի։
-Շարժումը գլխավորում է Բագրատ Սրբազանը, քաղաքական ուժեր չկան հարթակում, ի՞նչ գլխակերներ։
-Սրբազանը շիրմա (քող. խմբ) է ընդամենը և շատ վատ է, որ այդպիսի խելացի, ինչ-որ իմաստով նաև համակրելի մարդը ի շահս է օգտագործվում՝ մանավանդ հաշվի առնելով իր եկեղեցական լինելու հանգամանքը, դա շատ վատ դերակատարություն ունի, ես չեմ ուզում ավելի տպավորիչ բառեր օգտագործել, բայց արդյունքի չի հասնի։ Այստեղ որոշ ուժեր Սրբազանին են փորձում օգտագործել, Սրբազանը որոշ ուժերի է օգտագործում։
Հիմա ինքը սիրուն քնած հանգստանում է, մարդկանց ասում է՝ գնացե՛ք փողոց փակեք, մարդիկ փողը վերցրել են, եկել են հանրահավաքի, առավոտվա փողը չեն տվել, ի՞նչ փողոց փակելու մասին է խոսքը։
-Ի՞նչ փող, պարոն Աղազարյան։
-Գումար էլի, դրամ։
-Ըստ Ձեզ, հանրահավաքի մասնակիցներին դրա՞մ են տվել։
-70 տոկոսին, այո։
-Որտեղի՞ց ունեք նման համոզմունք։
-Ես ոչ միայն համոզմունք ունեմ, այլ նաև հետազոտություն եմ կազմակերպել։
-Դուք հիմա մեղադրում եք առնվազն 30 հազար մարդու գումար վերցնելու մե՞ջ։
-Բոլորին չէ, ներողություն եմ խնդրում նրանցից, ովքեր այս ամենն անում են իրենց սկզբունքներից ելնելով, բայց մեծ մասն, այո, փողով են։ Այն ժամանակ ինձ զանգում, ասում էին՝ ուզում ենք մարզից գալ Երևան հանրահավաքի, փող չունենք, ավտոբուսի փողը կտա՞ք, մենք ասում էինք մենք փող տվող չենք, ասում էինք՝ ուզում եք եկեք, չեք ուզում, մի եկեք ու մարդիկ գալիս էին։ Հիմա ինչո՞ւ պետք է առավոտը 8-ին ելնի գնա փողոց փակի, հո խելագար չի՞ այդ մարդը, եթե փող չեն տվել, որպես ի՞նչ գնա փակի։
-Պարոն Աղազարյան, 134 հոգու բերման են ենթարկել, տեղյա՞կ եք, մի մասին էլ, բնականաբար չեն կարողացել։
-Տեղյակ չեմ, որտեղի՞ց պետք է տեղյակ լինեմ։
-Դուք ապացույցներ ունե՞ք, որ, օրինակ, այդ 134 հոգուն, որ բերման են ենթարկել, փող են տվել։
-Ովքեր փախել են, բերման չեն ենթարկվել, իրենց էլ փող են տվել։ Իմ քաղաքական գնահատականն է, որ հանրահավաքի մասնակցիների 70 տոկոսը փողով է։
-Ինչո՞ւ հաղորդում չեք տալիս հանցագործության մասին։
-Դա իմ քաղաքական գնահատականն է։ Ես կարող եմ Բագրատ Սրբազանի դիմաց կանգնեմ, նայեմ իր գեղեցիկ աչքերին ու ասեմ՝ Բագրատ Սրբազա՛ն, եթե այստեղ հավաքվածների 70 տոկոսը փողով չէ, թող քո բոլոր Սրբազաննների, «Հռոմի-մռոմի, կաթոլիկ-մաթոլիկ», սաղի անեծքը թող թափվի իմ ու իմ ընտանիքի գլխին։
Հեղինակ Ամալյա Առաքելյան