ՄՊՀ-ից NewDay.am-ին հայտնում են․
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2024 թվականի ապրիլի 22-ի թիվ 149-Ա որոշմամբ պատասխանատվության միջոց է կիրառել «Բրենդլիդեր» Հ/Ձ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ՝ անբարեխիղճ մրցակցության, այդ թվում՝ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության համար։
Հիշյալ գործով Հանձնաժողովն արձանագրել է, որ ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքներն իրացնելիս անձը պետք է գործի բարեխղճորեն։ Ընդ որում, հակառակ գործելակերպն ուղղակիորեն առնչվում է իրավունքի չարաշահման ինստիտուտին, որը, ի թիվս այլնի, կարող է ունենալ հետևյալ դրսևորումները․
1. մրցակցության սահմանափակման նպատակներով ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքների իրացում․
2. ապրանքային նշանի՝ դրա նկատմամբ իրավունքի ամրագրման և դրա պաշտպանության նպատակին ոչ համապատասխան օգտագործում․
3. այնպիսի ապրանքային նշանի օգտագործում, որը կարող է սպառողի մոտ հանգեցնել ապրանքի որակի կամ այլ բնութագրերի վերաբերյալ թյուր տպավորության ստեղծման՝ ապակողմնորոշման։
Հիշեցնենք, որ նշված վարույթի հարուցման համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ Ռուսաստանի Դաշնությունում գործող «Hochland» SE ընկերության կողմից արտադրված ««ФЕТАКСА» փափուկ թարմ պանիր դասական, աղաջրում» և ««ФЕТАКСА» հալած պանիր» անվանումներով ապրանքները Հայաստանում Ընկերության կողմից իրացվել են «Ֆետա» ծագման տեղանվան հետ ասոցացվող փաթեթավորումներով այն դեպքում, երբ այդ ապրանքներն արտադրված չեն եղել «Ֆետա» ծագման տեղանվան մեջ ներառված աշխարհագրական տարածքում և պահանջներին համապատասխան։
Որոշումը հասանելի է հետևյալ հղմամբ.
https://ef.competition.am/api/decision/0B289D71-71D7-40DD-9062-8B36A201E083/download