«Առավոտին» տված հարցազրույցում Մասյացոտնի թեմի առաջնորդ Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը մեկնաբանել է Հայ առաքելական եկեղեցու հասցեին հնչած այն մեղադրանքը, թե Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն առաջնորդում է ընդդիմադիր ներկայիս շարժումը: Ըստ հաղորդման հյուրի, եթե նման բան լիներ, ապա բոլոր թեմերի առաջնորդները, բոլոր քահանաները պետք է կոչ անեին՝ միանալու շարժմանը: Բայց եկեղեցու գործառույթները միանգամայն այլ են՝ այն չի կարող լինել ո՛չ իշխանության, ոչ էլ ընդդիմության կողքին. երկու կողմում էլ հայ եկեղեցու զավակներն են: Դրանով հանդերձ՝ եկեղեցին երբեք չի խուսափում ասել ճշմարտությունը: Անդրադառնալով հաճախ հնչող մեղադրանքներին, թե ինչու Մայր աթոռը ժամանակին չի անդրադարձել կոռուպցիային, կեղծված ընտրություններին, «մարտի 1-ին» եւ այլ արատավոր երեւույթներին, Գեւորգ սրբազանը նշում է, որ եկեղեցին չի կարող դատավճիռ կայացնել կամ քննություն իրականացնել: Նաեւ հիշեցրել է, որ կոռուպցիայի մեջ մեղադրվող մարդիկ այնուհետեւ արդարացվում են: Արդյոք, ըստ այդմ, եկեղեցին պետք է փոխի՞ իր դիրքորոշումը: Եպիսկոպոսի կարծիքով, մայիսի 28-ին Վեհափառ հայրապետին Սարդարապատի հուշահամալիր չթողնելը իրական խայտառակություն էր: Նա ցավ է հայտնում, որ դա տեղի ունեցավ հենց Սարդարապատի հերոսամարտը նշելու օրը՝ հերոսամարտ, որի կազմակերպմանը գործուն մասնակցություն են ունեցել հայ հոգեւորականները: Գեւորգ սրբազանն արձանագրում է նաեւ, որ վերջերս հաճախակի է դարձել եկեղեցու հասցեին ատելության խոսքը:
Մանրամասները՝ տեսանյութում