Լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ասաց, որ վաղը ժամը 16։00-ին լինելու է Աժ խորհրդի նիստ, որտեղ քննարկվելու է արտահերթ նիստ անցկացնելու հարցը։
Դանիելյանը նշեց, որ իրենց հնաբնակ խորհրդականներն ասել են, որ ամբողջությամբ իրատեսական է քառօրյա նիստերի ժամանակ նաև արտահերթ նիստ անցկացնելը. «Դա չի կարող խոչընդոտ հանդիսանալ։ Այն, ինչ մենք առաջարկել ենք, լրիվ օրինականության տրամաբանության մեջ է մտնում»։
Ըստ Դանիելյանի՝ իրենք իրենց հնարավորություններն իրավունք ունեն ռեալիզացնելու։ Դա իրենց գործիքակազմն է։
«Եթե փորձեն խոչընդոտել՝ իրենց չի հաջողվի։ Իրենք տեսախցիկի մոտ մի բան են ասում, այլ տեղ՝ ուրիշ»,- ասաց Դանիելյանը։
«ՔՊ-ական շատ պատգամավորների հարազատներ մեր պայքարին մասնակցում են։ Ասում են՝ բարեկամները գերի են ընկել ՔՊ-ում ու իրենք էլ հաշտ չեն այդ իրականության հետ։ Շատ մարդիկ կան ՔՊ-ում, որոնք պահվում են սպառնալիքի, շատնաժի միջոցով»- հավելեց Դանիելյանը։

















































