Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը լրագրողներին հայտնել է, որ Բելառուսը խորհրդակցությունների համար հետ է կանչում Հայաստանում իր դեսպանին։
«Մենք բոլորս տեսնում ենք, թե որքան բարդ է ներքաղաքական իրավիճակը Հայաստանում, ինչ արագությամբ է սրվում առճակատումը երկրի ներսում: Չենք հասկանում՝ ի՞նչ կապ ունի Բելառուսը», — նշել է ԱԳՆ մամուլի քարտուղարը։
Ըստ նրա՝ Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչը հրավիրվել է ԱԳՆ՝ պարզաբանելու այս հարցը։
Անատոլի Գլազը ասել է, որ հաշվի առնելով իրավիճակի զարգացումը՝ մոտ ապագայում Մինսկ կժամանի նաև մեր դեսպանը Երևանից։
Նա նշել է՝ «եթե Հայաստանում ինչ-որ մեկը որոշել է արտաքին թշնամի ներկայացնելով՝ ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից, ապա դա շատ անհեռատես դիրքորոշում է»։
Հիշեցնենք՝ այսօր ՀՀ ԱԳՆ-ն հաղորդեց, որ Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երևան։
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել էր, որ այս պահից սկսած՝ ՀՀ պաշտոնական ոչ մի ներկայացուցիչ Բելառուս չի այցելի։

















































