Ֆրանսիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ձախակողմյան կուսակցությունների կոալիցիան սենսացիոն հաղթանակ է տարել։ ՌԻԱ Նովոստին հաղորդում է, որ ընտրություններում «Նոր Ժողովրդական ճակատ» ձախակողմյան կուսակցությունների կոալիցիան՝ Ժան Լյուկ Մելանշոնի գլխավորությամբ Ֆրանսիայի ԱԺ-ում 182 մանդատ է ստացել։
Երկրորդ տեղը զբաղեցրել Է նախագահ Էմանուել Մակրոնի կոալիցիան՝ ստանալով 168 մանդատ, իսկ երրորդ տեղը՝ Մարին Լը Պենի «Ազգային միավորումը», որը Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատում ներկայացված կլինի 143 պատգամավորով։
Ընտրությունների արդյունքներով՝ հանրապետականները Ֆրանսիայի Ազգային ժողովում կստանան 45, իսկ մյուս բոլոր կուսակցությունները՝ 39 մանդատ։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը հայտարարել է, որ երկուշաբթի առավոտյան հրաժարական կտա երկրի կառավարության ղեկավարի պաշտոնից՝ երկրում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով։
Քաղաքացիներին ուղղված ուղերձում Ատալը նշել է, որ իր կուսակցությունն ավելի հաջող հանդես եկավ, քան Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում, սակայն դա բավարար չէր խորհրդարանում տեղերի մեծամասնություն ստանալու համար։