ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է.
«Ժամանակն ապացուցեց, որ Սերժ Սարգսյանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու եւ ՌԴ-ի հետ դաշնակցային կապերի խորացման որոշումներն արդարացված էին։ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքներից հետո նույնիսկ անհույս «արեւմտամոլներին» պարզ դարձավ, որ ՌԴ-ն Հարավային Կովկասից չի հեռանալու։ Ավելին, չեն հեռանալու նաեւ ՀԱՊԿ-ն եւ ԵԱՏՄ-ն։
Հետեւաբար, Նիկոլի մարազմատիկ թեզերը, թե ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից, անլուրջ էին։
ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ մշտապես կողմնակից է եղել ՌԴ-ի հետ դաշնակցային կապերի խորացմանն ու բազմիցս սուր քննադատել նիկոլական ռեժիմի հակառուսական դեմարշները։ ՀՀԿ-ն 2007 թվականից համագործակցության հուշագիր ունի «Միասնական Ռուսաստան» կուսակցության հետ, իսկ վերջին տարիներին այդ համագործակցությունը նոր թափ է ստացել։
Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում էր, որ ՀՀ-ն դարձավ ԵԱՏՄ անդամ։ Ու ՀՀ այսօրվա տնտեսական ակտիվությունը նախ եւ առաջ պայմանավորված է ԵԱՏՄ անդամ լինելով։ Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում ընդունվեց ՀԱՊԿ ռազմավարական ծրագիրը։
2010 -ին ՀՀ եւ ՌԴ նախագահների արձանագրությամբ՝ մինչեւ 2044թ. երկարաձգվեց 102-րդ ռուսական ռազմաբազայի տեղակայումը Հայաստանում։
Այս ամենն արվում էր ՀՀ պետական ու ազգային շահերից ելնելով։ Առաջիկայում ՀՀԿ-ն էլ ավելի է զարգացնելու իր միջազգային կապերը գործընկեր կուսակցություննեի ու, մասնավորապես, «Միասնական Ռուսաստան»-ի հետ։ ՀՀԿ ԳՄ-ն ու Խորկուրդը, ինչպես նաեւ ՀՀԿ երիտասարդական, ուսանողական ու կանանց խորհուրդներն արդյունավետ համագործակցում են մեր միջազգային գործընկերների հետ։
Նպատակը մեկն է՝ սպասարկել ՀՀ-ի, հայության ու արցախայության շահը։ Իսկ դա արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ թե՛ դաշնակիցներ եւ թե՛ գործընկերներ»։