ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Երկու պատճառ կա, որ դրամի արժևորման պատճառով արտադրություն չկա, տեղի արտադրողը շահագրգռված չէ արտադրանք տալուց և ասում են, որ աշխատավարձը ցածր է, դրա համար չենք աշխատում։ Կառավարությունը պետք է հասկանա, թե իրոք աշխատավարձները ցածր են, թե մարդիկ իրոք չեն ուզում աշխատել»։
Արձագանք։ «Դրամի արժևորման հետևանքով արտադրողը շահագրգռված չէ արտադրել» պնդման առումով նշենք, որ 2023 թվականի հունվար–դեկտեմբերին արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը կազմել է 6.4%-ով , իսկ 2024 թվականի հունվար–սեպտեմբերին՝ 12.6% -ով։
Ընդ որում, 2024 թվականի հունվար–սեպտեմբերին արդյունաբերական արտադրանքի 45.9%-ն արտահանվել է (2023 թվականի՝ 39.0%-ի դիմաց)։ Միաժամանակ 2023 թվականի հունվար–դեկտեմբերի համեմատ 2024 թվականի հունվար–սեպտեմբերին դրամն ամրապնդվել է 4.2%-ով` կազմելով 387.4 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց։
Հետևապես, պնդել, որ դրամի արժևորման հետևանքով արտադրողները շահագրգռված չեն արտադրել՝ տնտեսագիտորեն ճիշտ չէ։ Ընդ որում, միայն մեկ գործոնով (այն է՝ դրամի արժևորում) արտադրության աճի վրա ազդեցության գնահատումը տնտեսագիտորեն ամբողջական չէ, քանի որ արտադրության ծավալների վրա ազդում են նաև մի շարք այլ գործոններ, մասնավորապես՝ արտաքին և ներքին շուկաներում տեղի ունեցող պահանջարկի փոփոխությունները, պահուստային արտադրանքը և այլն։
Ինչ վերաբերում է ցածր աշխատավարձին, ապա նշենք, որ 2024 թվականի հունվար–սեպտեմբերին (280,256 ՀՀ դրամ) 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ միջին աշխատավարձի անվանական աճը կազմել է 6.6%:
Ընդ որում աճ է գրանցվել տնտեսական գործունեության գրեթե բոլոր ոլորտներում (բացառությամբ՝ Վարչարարական և օժանդակ գործունեություն տեսակում՝ -1.3%)
Ընդ որում, նշենք նաև, որ լրացուցիչ բացատրության կարիք ունի «ցածր աշխատավարձ» հասկացությունը։ Պարզ չէ, օրինակ, թե աշխատավարձի ի՞նչ մեծության համեմատությամբ է նշվում աշխատավարձի ցածր լինելը։ Օրինակ, անգամ 1 մլն ՀՀ դրամ աշխատավարձը նույնպես կարող է ցածր համարվել 2 մլն դրամ աշխատավարձի համեմատ»,- գրել է նա։