Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երեկվա հակահայկական ու հակապետական, հակազգային մտքերի վերաբերյալ բավական շատ արձագանքներ եղան դրա մեջ չեմ մտնի, ուղղակի փաստեմ, որ իր Նիկոլը հերթական անգամ ապացուցեց թուրքական օրակարգով շնչելու իր տեսլականը (մարդն ասավ, որ Անկախության Հռչակագիրը պետություն չունենալու մասին է):
Հա, մոռացա ասեմ, որ մյուս կարևոր մանիպուլյատիվ ժեստը, որով նա դարձյալ սկսեց «շեղման գրավիտացիան», 6-ամյա մորուսի սափրվելու դրվագն էր, որով նա կարծես թե փորձում էր ցույց տա, որ իր սիրելի «իրական Հայաստանում», ինքը դուրս է գալիս իր հեղափոխական «կամուֆլյաժից»: Չնայած հանրային քննարկումներում որոշակի կոնսպիրոլոգիկ մոտեցումներ կային, որոնք ես այդքան էլ չեմ կիսում:
Ինչևէ, դառնանք նիստին. ես ինչու այս միջանկյալ դրվագն արձանագրեցի, քանի որ բուն ասելիքս վերը թվարկված հանգամանքների հետ օրգանական կապ ունեն:
Օրակարգում ներառված հարցերից մեկը վերաբերվում էր ոստիկանության բարեփոխումներին. որոշակի քննարկումներից հետո, Փաշինյանը կտրուկ հիշեց հեղափոխական Նիկոլին ու հարձակվեց իրավապահ ողջ համակարգի վրա՝ հայտարարելով, թե «ես էլ ինչքա՞ն կարամ սպասեմ, ով նախկինում ճռռիկներ էր անում հիմա էլ նույն ձև շարունակում է անել, ըտենց ո՞նց կըլնի. ո՞նց կարան 7 տարով գործեր քննվեն, ինձ ինչի՞ եք խաբում, ինչ ուզեցիք՝ տվեցի՝ ավտո, գույք, պայման, հնարավորություն, վերջ՝ համբերությանս բաժակը լցվել է»:
Ըստ էության՝ կատարվածը խոսում է առաջիկայում սպասելիք նոր տեսարանների մասին:
Սա նաև նախընտրական էպոպեայի ազդարարման մասին է. մարդը, ով ժամանակին ասում էր, թե «մենք չենք խառնվում իրավապահների գործերին», հիմա հստակ, բաց տեքստով քաղաքական հրաման տվեց: Ու այս ամենը շատ հետաքրքիր ու տպավորիչ է երևում հատկապես հետսափրման ֆոնին, երբ «Հին Նիկոլը» փոխարինվեց «Հին Սպիտակամորուսով»»: