Դավիթ Սիրունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Տարածաշրջանում տնտեսա-լոգիստիկ զարգացումները հերթական անգամ ապացուցում են՝ «Զանգեզուրի միջանգքի»՝ բացառապես գեոպոլիտիկ արժեքը թուրք-ադրբեջանական տանդեմի համար։
Թուրքիան և Ադրբեջանը վերջին տարիներին շատ ինտենսիվ փորձում են «ծախել» «Զանգեզուրի միջանգքի» գաղափարը թե’ հավաքական արևմուտքի, և թե’ Չինաստանի և վերջինիս հարևան պետությունների վրա։ Վերջիններիս տնտեսությունը զգալիորեն հիմնվում է արտահանումից ստացված եկամուտների վրա, իսկ արևմուտքում շատ են տարածված Չինաստանի և արևելքի այլ պետությունների արտադրանքը։ Այս համատեքստում թուրք-ադրբեջանական տանդեմի համար շահավետ է առաջխաղացնել գլոբալ խաղացողների համար նոր լոգիստիկ ճանապարհ՝ «Զանգեզուրի միջանցքը»։ Վերջիններիս քարոզչությունը շրջանառում է այն որպես «middle corridor»-ի առանցքային հատված։
Մինչդեռ Սյունիքի շուրջբոլորը շարունակվում է տարածաշրջանի ազդեցիկ քառյակի (ԱՄՆ, Ռուսաստն, Թուրքիա, Իրան) առուծախը, տնտեսական հավասարման մյուս կողմը՝ Չինաստանը, տանում է իր լոգիստիկ սոլո խաղը, որը և’ ներազդում է տարածաշրջանի կոմունիկացիոն ճարտարապետության վրա, և’ կրկին ապացուցում է «Զանգեզուրի միջանցքի» բացառապես պանթյուրքիստական և թուրք-ադրբեջանական դուետի համար գեոպոլիտիկ շահի դեր կրելը։
Չինաստանի 2 նոր լոգիստիկ նախաձեռնությունները վերոնշյալի ամենավառ ապացույցներն են։
Նախ՝ ձեռք է բերվել նոր համաձայնություն Չինաստան-Ղրղըզստան-Ուզբեկստան երկաթգծի կառուցման շուրջ։ Վերջինս ծառայելու է 2 հիմնական նպատակի՝ թեթևացնելու է Չինաստանի լոգիստիկ կախվածությունը Ռուսաստանից, (Չինաստանից ԵՄ երկաթգծային արտահանման մոտ 60% անցնում է ՌԴ-ով, մնացածը՝ Ղազախստանով) և, որն ավելի կարևոր է՝ ծառայելու է ուղիղ կոմունիկացիոն միջոց Իրանի հետ։
Երկորդ կարևոր պայմանավորվածությունը Վրացական խորջրյա «Անակլիա» նավահանգստի Չինաստանին շահագործման հանձնվելն է։
Ըստ ամենայնի, Չինաստանը տարածաշրջանում իր կոմունիկացիոն և լոգիստիկ ծանրաբեռնվածությունը կիսում է երկու մասի, կամ Սյունիքից վերև՝ դեպի Վրաստան, կամ սյունիքից ներքև՝ դեպի Իրան։
Սա ևս մեկ անգամ ապացուցում է «Զանգեզուրի միջանցքի» տնտեսական շահավետության միֆ լինելը, (շահավետ լիներ՝ աշխարհի 2-րդ խոշորագույն տնտեսությունն ունեցող Չինաստանը գրեթե 5 մլրդ ԱՄՆ դոլար չէր ծախսի ալտերնատիվ լոգիստիկ ճանապարհների ստեղծման համար):
Սակայն խնդիրը միայն տնտեսական շահը չէ։ Ակնհայտորեն, Չինաստանը գիտակցում է, որ պանթյուրքիստական կոմունիկացիայի վրա հիմնվելը վտանգ է ո’չ միայն իր տնտեսությանը, այլև անվտանգությանը։
Իսկ հիմա գլխավոր հարցը՝ ինչու՞ այս ամենը չեն գիտակցում ՀՀ օրվա իշխանությունները, և ոչ մի կերպ չեն խոչընդոտում միջանցքի իրականություն դառնալուն։
Հ.Գ. Բարդ է մեկին բացատրել այն, ինչը չհասկանալու համար նա վարձատրվում է։