Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակն անհրաժեշտ լրացուցիչ ապացույցներ և պահանջներ կներկայացնի Մարդու իրավունքների եվրոպական դատարան` Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ հարուցված քրեական գործերով դատաքննության առնչությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը։
Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ հարուցված քրեական գործերով դատաքննության մեկնարկի առնչությամբ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հիշեցման կարգով հայտնում է, որ դեռևս 2022 և 2024 թվականներին Հայաստանի Հանրապետության կողմից՝ Ադրբեջանում ապօրինաբար մեղադրվող բոլոր հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց արդար դատաքննության, ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքների պաշտպանությանն ուղղված երկու միջպետական գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Միաժամանակ շարունակում են ուժի մեջ մնալ Արդարատության միջազգային դատարանի 2021 թ․ դեկտեմբերի 7-ի և 2022 թ․ հոկտեմբերի 12 որոշումները, որոնցով Դատարանը կիրառել է ժամանակային միջոցներ՝ ի թիվս այլնի Ադրբեջանում պահվող բոլոր անձանց անտվանգությունը և օրենքի առջև հավասարությունը ապահովելու վերաբերյալ։
ՄԻՀՆ գրասենյակը հետեւում է այս օրերին Ադրբեջանում ընթացող դատավարություններին։ Ցանկանում ենք տեղեկացնել, որ ըստ սահմանված ընթացակարգի Եվրոպական դատարան և Արդարադատութնան միջազգային դատարան կներկայացվեն անհրաժեշտ լրացուցիչ ապացույցներ եւ պահանջներ»։
Նշենք, որ հունվարի 17-ին Բաքվում սկսվել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանի, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի և մյուսների նկատմամբ դատավարությունը։ Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացված է։
Հիշեցնենք, որ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ը այնտեղ են հայտնվել Արցախի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո: