Ես անձամբ չեմ համարում որպես կաթողիկոսի դեմ արշավ կամ որևէ սրբազանի դեմ արշավ, այլ համարում եմ սա քրիստոնեության դեմ արշավ, Աստծո տաճարի դեմ արշավ և հաշվի առնելով նաև Փաշինյանի՝ չակերտավոր եկեղեցու հետևորդ լինելը, ապա ամբողջությամբ այդ տրամաբանության մեջ տեղավորվում է կրոնի դեմ արշավը։ Այս մասին Tert.am-ի հետ հարցազրույցում ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցու և հոգևորականների դեմ գրառումներին։
«Ես ավելի քան վստահ եմ, որ նա Առաքելական եկեղեցու հետևորդ չէ, որովհետև հետևորդ լինողը չի կարող թաթախվել այնպիսի մեղքերի մեջ, ինչի մեջ ինքն է թաթախվել։ Կտակարանից որոշակի մեջբերումներն, ընդ որում, շատ դեպքերում նաև ես միշտ հայտարարել եմ, որ Փաշինյանն առաջնորդվում է բովանդակության նկատմամբ ձևականության սկզբունքով, այսինքն, նա միշտ ձևական կողմը պահպանում է, բայց բովանդակությունը դատարակություն է, հետևաբար դուրս գտնվելով եկեղեցուց և այսպիսի արշավն ուղղված է կրոնի, Աստծո դեմ»,- նշել է նա։
«Այս ամենը կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի և մենք պետք է կանգնած լինենք բարկադի հակառակ կողմում»,- ասել է Սարգսյանը։
















































