Պարույր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
<<Վա՛յ այն մարդուն, որի միջոցով կգա գայթակղությունը>> (Մատթ. ԺԸ 7)
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և եկեղեցականության դեմ գրոհի ելած ՀՀ իշխանությունների վարքագիծն այլընտրանք չի թողնում, քան քրիստոնեական արդար վրդովմունքով ու դատապարտումով այն որակել որպես գայթակղության շքահանդես: Իրեն հավատացյալ համարող յուրաքանչյուր անձ քաջ գիտի, որ Եկեղեցին մարդաստեղծ հիմնարկ չէ, որտեղ քնից շուտ արթնացողը կարող է արկածախնդիր մեքենայություններով կարգ ու կանոն փոխել՝ կամա թե ակամա դառնալով գայթակղության, ատելության ու պառակտումի պատճառ. <<Եվ այն ժամանակ շատերը պիտի գայթակղվեն և միմյանց պիտի մատնեն ու միմյանց պիտի ատեն>> (Մատթ. ԻԴ 10): Արդյոք սա՞ է պակասում ներկա ժամանակներում գոյաբանական լուրջ սպառնալիքների առջև կանգնած մեր երկրին ու ժողովրդին, արդյոք այսպիսի՞ մեթոդներով է կերտվելու մեր ապագան, թե՞ սրանով ընդամենը փորձ է արվում շոյել կամ գոհացնել թշնամուն: Հենց այդպիսի մարդու համար է Հիսուս վայ կարդում և ավելացնում. <<Լավ կլիներ, եթե նրա պարանոցից էշի երկանաքար կախվի և ծովը գցվի>> (Մատթ. ԺԸ 6): Իր հետևորդներին Փրկիչ մեր Տերը պատգամում է չտրվել գայթակղության, այլ դիմանալ ու տոկալ հավատքով, հույսով ու սիրով: Լա’վ իմացեք՝ Սուրբ Էջմիածինը մեր Եկեղեցու մշտաբաբախ սիրտն է, հավատքի ամուր վեմը մեր ժողովրդի և տունը՝ Սուրբ Հոգու, որի դեմ հայհոյողն աններելի մեղք է գործում և անխուսափելիորեն պիտի պատժվի Աստծուց: Հետևաբար, հակաեկեղեցական շարժման յուրաքանչյուր փորձ ինչպես անցյալում, այնպես էլ այսօր դատապարտված է ձախողման: