«Կարևորում է հասկանալ այն բովանդակությունը, որի վրա Ադրբեջանը փորձում է կառուցել նոր էսկալացիայի նախապայմանը։ Դրա լավագույն ձևը գույքագրելն ու ճշգրտելն է այն պայմանավորվածությունները, որոնց չկատարման մեջ Ադրբեջանը փորձում է մեղադրել Հայաստանին»։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը
«Ես կարծում եմ՝ երեկվա իմ ելույթը ծառայել է իր նպատակին. այսօր Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ ու այդ հայտարարության մեջ մեզ մեղադրում են, որ մենք Ադրբեջանի արևմտյան շրջանների ու Նախիջևանի միջև կապի հաստատման գործը վիժեցնում ենք։ Սա կարեւոր է նրանով, որ թեեւ Ադրբեջանի նախագահն անընդհատ խոսում է միջանցքի մասին, ԱԳՆ-ն արդեն միջանցք բառը չի օգտագործում: Հայաստանի ու Ադրբեջանի հանրությանը, միջազգային հանրությանը պետք է ճիշտ ներկայացվի, թե որոնք են պայմանավորվածությունները ու ով իրականում չի կատարում պայմանավորվածությունները։ Բայց սրա նպատակն ամենևին լեզվակռիվ ու նոր էսկալացիա ստեղծելը չէ »,-ասաց նա։
Անդրադառնալով հղորդակցության ուղիների բացմանը, Փաշինյանն ասաց, որ Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ կապ հաստատելու որեւէ խոչընդոտ չկա, միակ խոչընդոտը Ադրբեջանի իշխանության դիրքորոշումն է. «Մենք ասում ենք՝ բոլոր ճանապարհները բացենք, եռակողմ հայտարարությունում չկա որեւէ ձեւակերպում, որեւէ նախադասություն, որից բխում է, որ ՀՀ օրենսդրությամբ չպետք է գործեն այդ ճանապարհները: Իհարկե, ՀՀ օրենսդրությամբ պետք է գործեն, եթե դրանք մեր տարածքում են»,-նշեց Փաշինյանը:















































