«Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի» Հայաստանի ներդրումային խորհրդի 15-ամյակի տոնակատարության ժամանակ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ, ԲՏԱ նախկին նախարար Հայկ Չոբանյանը անդրադարձել է ՏՏ ոլորտի մարտահրավերներին:
Նա նշել է, որ դոլարի կտրուկ արժեզրկումը բերել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համար չվերականգնվող կորուստների, որը գերազանցում է նախատեսված շահույթի բաժինը:
«Ըստ ՊԵԿ-ի՝ ոլորտն ունի 15% շահութաբերություն, այն դեպքում, երբ արդեն արտարժույթի մասով ունեցել ենք 20-25% տարբերություն: Սա նշանակում է, որ այստեղ նույնիսկ քննարկման առարկա չի կարող լինել, թե ոլորտն ինչքան է տուժում: Ընդ որում ոլորտ, որը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար»,- ասաց նա:
Ըստ նրա` պետությունից ոլորտի ներկայացուցիչների պահանջը արդարացված է, իսկ առաջացած խնդրի լուծումը առաջին հերթին բխում է Հայաստանի Հանրապետության շահերից։
Նախկին նախարարն ընդգծելով ՏՏ ոլորտի կարևորությունը Հայաստանի զարգացման և աճի համար` նշեց, որ այս ոլորտը աշխարհագրություն չի ճանաչում, և Հայաստանում գործող ՏՏ ընկերությունների և կազմակերպությունների ավելի քան 95 տոկոսը, որի մեջ կան և՛ մեծ, և՛ փոքր ընկերություններ, հիմնականում արտահանմամբ են զբաղված, պատվերները ստանում են արտերկրից և շահույթն էլ դոլարով է։

















































