ԱԺ նախկին պատգամավոր, վերլուծաբան Արման Աբովյանը NewDay.am-ին է տրամադրել վերլուծություն «խաղաղության օրակարգի» և Արցախի հանձնումը ՌԴ-ի ուսերին թողնելու ՀՀ իշխանության քայլերի վերաբերյալ։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հարցազրույցը, ինչպես և սպասվում էր, դարձավ Հայաստանում «ռուսամետ» և «արևմտամոլ» ուժերի և հոսքերի հերթական ճակատամարտի պատճառ։
Հարցազրույցի ընթացքում կոնտեքստից կտրված Լավրովի խոսքերը դարձյալ «փամփուշտներ» դարձան պատերազմող ճամբարների միջև կատաղի կրակահերթի ժամանակ։
Սակայն եթե դեն նետենք տեղեկատվական ողջ աղբը, որը թույլ չի տալիս կենտրոնանալ լավրովյան թեզերի տրամաբանության վրա, ապա ակնհայտ է դառնում ռուսների միայն մեկ ուղերձը։
Մասնավորապես, ռուսական կողմը ուղղակիորեն և շիտակ հայտարարում է, որ Հայաստանի իշխանությունները, Ադրբեջանի հետ մեկտեղ շրջանցելով նախկինում քննարկված ձևաչափերը, ռուսներին ուղղակի շատ ոչ շահեկան դրության մեջ են դնում՝ Պրահայից Սոչի բերելով այսպես կոչված «խաղաղության օրակարգի» արդեն ՓՈԽՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ փաստաթուղթ։
Եվ այս փաստաթղթում, որը եվրո-ամերիկյան տանդեմը «սիրալիր» կերպով առաջարկել է հայերին և կովկասյան թաթարներին, Ռուսաստանի շահերն ամբողջությամբ անտեսվում են, իսկ Արցախի հարցը պարզապես հանվում է օրակարգից (կարդա՝ Արցախի քաղաքական ապամոնտաժման հայկական կողմի համաձայնություն)։
Իհարկե, ռուսները չէին կարող չզարմանալ և տհաճություն չապրել հայկական կողմի դիրքորոշումից, որը ռուսներին «հարցրել է» Արցախի վերաբերյալ իրենց առաջարկները «պաշտպանելու» վերջիններիս պատրաստակամության մասին, որոնք, ինչպես հիշում ենք, նախատեսում են հայերի համար գերշահավետ «ղարաբաղյան հիմնախնդիրը» սառեցնելու տարբերակ՝ առանց Արցախը անմիջաբար Ադրբեջանի իրավական դաշտ տեղափոխելու։
Եվ, եթե թուրք-ադրբեջանական կողմի հետ ամեն ինչ այստեղ պարզ է (խաղաղության պայմանագրի ռուսական տարբերակը ծայրահեղ անբարենպաստ է կովկասյան թաթարների և երիտօսմանցիների համար, ինչը ևս մեկ անգամ հիշեցնում եմ՝ չի նախատեսում Արցախը Ադրբեջանին հանձնելը), ապա հայկական կողմի դիրքորոշումն առնվազն անվայել հակահայկական տեսք ունի։
Դատեք ինքներդ՝ Հայաստանի իշխանություններին ասում են, որ Ռուսաստանը պետք է «պաշտպանի իր առաջարկները» Արցախի հարցում և հայկական կողմը «դեմ չէ ռուսական առաջարկներին»։
Ուզում եմ հարցնել Հայաստանի իշխանություններին՝ իսկ դուք կարո՞ղ է շփոթել եք, թե ում շահերն եք պաշտպանում։ Թե չէ լրիվ հիմար պատկեր է ստացվում՝ թույլ ընթացքով շիզոֆրենիայի նշաններով։
Ռուսները մեզ համար ՇԱՀԱՎԵՏ տարբերակ են առաջարկում, իսկ հայկական կողմը սեթևեթելով հրաժարվում է պատասխանատվությունից՝ գործնականում ասելով հետևյալը. Մենք (այսինքն՝ Հայաստանի իշխանությունները) ընդհանրապես դեմ չենք Արցախի պահպանմանը, բայց դա մեզ (Հայաստանի իշխանություններին) համար հիմա առանձնապես հրատապ չէ։ Կարո՞ղ եք պաշտպանել Արցախի հայերին։
Մենք (Հայաստանի իշխանությունները) դեմ չենք, բայց եթե դուք՝ ընկեր ռուսներ, չկարողանաք պաշտպանել ձեր դիրքերը, ապա մենք կգնանք եվրո-ամերիկյան տարբերակին, որը նախատեսում է Արցախի կործանման ընթացակարգը։
Սա այնքան աղաղակող է, վիրավորական, որ ուղղակի խոսքեր չկան։
Իսկապես, փաստորեն, Հայաստանի ներկայիս քաղաքական վերնախավն իր թավշյա «վերակացուներով» հիմարաբար հանձնում է Արցախը՝ հանուն իր աթոռի, պատասխանատվությունը թողնելով երրորդ կողմի (ռուսների) շահերի վրա։
Բայց վերադառնանք Հայաստանի իշխանությանը։
Փաշինյանի կոլեկտիվն այնքան կոպիտ խարդախության մեջ է ընկել, որ ապշում ես երկիրը կառավարելու կոմպետենտության (ավելի ճիշտ՝ դրա բացակայության) մակարդակով։
Դատեք ինքներդ, ընկերներ։
1․ Եթե փաշինյանական «թավշյա» իշխանությունները որոշեն ընդունել հաշտության պայմանագրի ստորագրման ռուսական տարբերակը, ապա բառացիորեն հինգ րոպեից ԱՄՆ/Եվրոպան կփորձեն խստորեն «պատժել» փաշինյանականներին։
2․ Եթե փաշինյանականները, այնուամենայնիվ, որոշեն ընդունել հաշտության պայմանագրի «վաշինգտոնյան տարբերակը», ապա անգթորեն մեզ կտապալեն արդեն ռուսները, քանի որ պայմանական «Արևմուտքը» հնարավորություն կունենա ամրանալու Ռուսաստանի հարավային շրջաններում և ռուսների ձեռքից չենք պրծնի։
Փաստորեն, ստացվում է մի իրավիճակ, երբ Հայաստանի իշխանությունների ցանկացած քայլ մեզ պարտվողական դրության մեջ է դնում (քաղաքական ցուգցվանգ)։
Շարունակելի․․․
Արման Աբովյան


















































