ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի և ԲԴԽ նախագահի նախկին պաշտոնակատար, ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի խոսակցության ձայնագրության վերաբերյալ քրեական վարույթը վերաբացվել է: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը վերացրել է գործի վարույթը կարճելու մասին ՔԿ քննիչի որոշումը և վարույթը, ըստ քննչական ենթակայության, ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է Ռուբեն Վարդազարյանի ներկայացուցիչ, փաստաբան Հովհաննես Խուդոյանից:
Հիշեցնենք, որ 2022թ. հունիսի 20-ին Ռուբեն Վարդազարյանը հրավիրած ասուլիսում աղմկահարույց ձայնագրություն էր հրապարակել, որով հիմնավորվում էր, որ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը փորձել է պարտադրել Վարդազարյանին՝ հրաժարական տալ։ Աղմկոտ զրույց-պահանջը տեղի է ունեցել ընթրիքի սեղանի շուրջ, որին ներկա են եղել ոչ միայն Վարդազարյանն ու Ջհանգիրյանը, այլ նաեւ ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը։ Հրապարակված ձայնագրությունից հետեւում էր, որ Վարդազարյանին վարչապետի անունից առաջարկվել է հրաժարական տալ, իսկ Ջհանգիրյանն էլ ստանձնել է միջնորդի դեր՝ երաշխավորելով, որ նրա նկատմամբ հետապնդումներ չեն իրականացվի, եթե հրաժարական ներկայացնի։ Ջհանգիրյանը հանրայինի եթերում անձամբ խոստովանել է, որ բանակցություններ իսկապես վարել է Վարդազարյանի հետ՝ հրաժարական տալու համար։


















































