«Ընտրություն միշտ կա, Ռենդե’լ, պարզապես երբեմն պետք է այն ճիշտ կատարել»։
«Մի նայեք վերև» գ/ֆ, Նեթֆլիքս, ԱՄՆ, 2021
Հայաստանի քաղաքական գիտակցության մեջ առկա են ճգնաժամային բաղադրիչներ՝ տրավմա, անոմիա, արժեշահային համակարգի հեղհեղուկ վիճակ, օտարվածություն, ինքնության ճգնաժամ, ֆրուստրացիա, ունիֆիկացում։ Սրանք թեև բարդ, գուցե անհանգստացնող եզրույթներ են, բայց արտացոլում են իրականությունը և դրա մի մաս են կազմում։
Հետաքրքրականն այն է, որ այս բացասական երևույթներից շատերը մեր օրերում իշխող վարչախմբերի համար դառնում են գործիք կամ առնվազն սնուցվում են իշխանական էլիտայի կողմից` արժեշահային համակարգերի խարխլմամբ։ Երբ նկատվում է նորմատիվային համակարգերի խարխլում, անորոշության աճ, սպասումներից հիասթափություն և անզորություն, մենք առերեսվում ենք անոմիա կոչվող երևույթին, որը հանրային գիտակցության ճգնաժամային բնութագրիչներից
ամենամտահոգիչն է։
Անոմիայի հայեցակարգի ուսումնասիրման առաջամարտիկներից են Էմիլ Դյուրկհեյմը և Ռոբերտ Մերթոնը, ովքեր Ֆրանսիայի և ԱՄՆ-ի օրինակներով վերլուծել են հասարակության և կառավարող վերնախավի սոցիալ-հոգեբանական շեղումները։ Դյուրկհեյմը, օրինակ, սոցիալական հոռետեսության և ապատիայի աճը բացատրում էր ագրարային սոցիալական համակարգից արդյունաբերականի անցումով, որի ընթացքում հին նորմերը դադարեցին գործել, իսկ նորերը դեռ չէին հասցրել ձևավորվել: Իսկ Մերթոնը, վերլուծելով ԱՄՆ-ում հանցավորության բարձր մակարդակի պատճառները, մատնանշել էր իրավական և բարոյական ճանապարհներով իշխանության հասնելու անհնարինությունը և ամերիկացիների պատրաստակամությունը խախտելու սոցիալական հաստատված կարգը՝ հանուն զանգվածային մշակույթի տարածած իդեալների տարածման։
Անկայուն իրավիճակում գերակա է դառնում քաղաքական միջավայր պատահական գործոնների և վարքագծային դրդապատճառների ներթափանցումը, նվազում է անձնական անվտանգության մակարդակը, զգալիորեն արժեզրկվում է պետական իշխանության հեղինակությունը, հասարակության շրջանում հասունանում է անհանգստություն, անվստահություն և անորոշություն: Դժգոհությունը գործող իշխանությունների նկատմամբ, սպասումների հիասթափությունը հանգեցնում է քաղաքացիների ընդհանուր քաղաքական վարքագծի փոփոխությունների։ «Նորմերը ձևականորեն շարունակում են գոյություն ունենալ, դրանք հնարավոր է պահպանել, սակայն հնարավոր է անպատժելիորեն խախտել դրանք։ Նորմերի համընդհանուր ու անպատիժ խախտումները լայն տարածում են ստանում վերջին տարիներին, ինչն էլ իր հերթին ամենաթողության դրսևորում է1»։
Եթե երևույթը դիտարկենք Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացների համատեքստում, ապա որպես օրինակ կարելի է ներկայացնել 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունը։ Հասարակության մի մասը իր
անմիջական մասնակցությունն ուներ իշխանափոխության գործընթացին՝ ուղղորդվելով կոնկրետ նպատակներով և շահերով` անտեսելով նպատակին հասնելու համար կիրառված միջոցներն ու դրանց հետևանքները։ Սակայն ժամանակի ընթացքում, երբ «հեղափոխական» էյֆորիան հետզհետե սկսեց մարել, և սկսվեց սպասումների հիասթափության շրջանը, հաջորդիվ տեղի ունեցան տրավմատիկ
1 Cristopher S. Swader, Leon Kosals, Post-socialist anomie through the lens of economic modernization
and the formalization of social control, https://www.hse.ru/data/2013/03/02/1293260236/17SOC2013.pdf
ճգնաժամային երևույթներ (պատերազմներ, համավարակ, մեծաքանակ զոհեր), հայ հասարակության շրջանում անոմիան խորացավ։ Սակայն, հայ հասարակության մեջ առկա իրավիճակը վերլուծելու և ներկա սոցիալ-հոգեբանական խնդիրները վերհանելու նպատակով փորձ ենք կատարել դիտարկելու գործընթացները տեղեկատվական անոմիայի շրջանակներում: Երբ տեղեկատվական աններդաշնակ հոսքերը գերակշռում են, տեղեկատվության նկատմամբ վստահությունն ու որակը նվազում է, ինչի արդյունքում տեղեկատվությունը կորցնում է առաջնային նշանակությունը, իսկ հասարակության համար առաջանում է ընկալման բազմաթիվ տարբերակներ: Մեր ուսումնասիրության արդյունքում հանգել ենք այն եզրակացության, որ հենց տեղեկատվական անոմիան է նպաստել հայ հասարակության այլընտրանքային կամ իմիտացիոն իրականության ձևավորմանը… Հասարակության մի հատված, ապրելով տրավմատիկ երևույթներ, չունենալով բացարձակ վերահսկողություն ստացվող տեղեկատվական հոսքերի նկատմամբ, ապրում է «պատրանքային իրականությունում»:
Քաղաքական ճգնաժամերի պայմաններում տեղեկատվական անոմիան արտահայտվում է պետություն-ԶԼՄ-հասարակություն համակարգի կազմալուծման արդյունքում: Հայ հասարակության տեղեկատվական անոմիան ունի հետևյալ
առանձնահատկությունները.
1. Իշխող վերնախավ-հասարակություն կապի խզում, ինչի արդյունքում տեղեկատվությունը հասարակության շրջանում առաջացնում է անկանխատեսելի, չնախատեսված արձագանք: Խզման արդյունքում հետադարձ կապը բացակայում է: Հասարակության արձագանքը տեղեկատվությանը չի անդրադառնում իրականացվող քաղաքականության վրա:
2. ԶԼՄ-ները, տարածելով հանրային հնչեղություն առաջացնող տեղեկատվություն, դառնում են անոմիայի հիմնական գեներատորները: Տեղեկատվական տարատեսակ, հաճախ հակասական հոսքերը ապակառուցողական ազդեցություն են ունենում հասարակության վրա, նպաստում են քաղաքացիների շրջանում ապատիայի ու օտարման աճին: Վերոշարադրյալով է պայմանավորված այլընտրանքային կեղծ տեղեկատվական ալիքների լայն ժողովրդականությունը Հայաստանի
Հանրապետությունում: Օրինակ, յութուբյան որոշ ալիքներ, որոնցում մատուցվող տեղեկատվությունը ոչ միայն կեղծ է, այլև մանիպուլյատիվ, ունի հարյուրհազարավոր դիտումներ, ինչը պայմանավորված է նրանով, որ տվյալ ալիքի մատուցած տեղեկատվությունը մատչելի է, հաճելի է ունկնդրին ու ձևավորում է պատրանքային իրականությունը:
Արդի ժամանակաշրջանում անոմիայի առանձնահատկությունը քաղաքական իշխանության իրականացման մշակութային բաղադրիչ է և լայն դրսևորում ունի հասարակության բոլոր շերտերի շրջանում, այսինքն՝ դարձել է վարքի նոր նորմ։ Այլ կերպ ասած՝ հասարակության մեջ ձևավավորվում է անպատժելիության մթնոլորտ, որին նպաստում են իշխող վերնախավի կողմից գրված ու չգրված կանոնների պարբերական խախտումները։ Խնդիրը նրանում է, որ քաղաքական կյանքը գնալով կորցնում է կապը իրականության հետ. տեղափոխվում է վիրտուալ դաշտ ու այդ տիրույթում կերտում վիրտուալ քաղաքական կերպարներ: Ընդ որում, այս երևույթն առավել գերակշռում է համացանցում. քաղաքականությունը խզվում է մարդկանց իրական շահերից, դառնում ավելի անկայուն, կարծրատիպային և իռացիոնալ։ Վերոշարադրյալը Հայաստանի Հանրապետության օրինակով կարող ենք դիտարկել Յութուբում գործող տարատեսակ բլոգերների ու ալիքների միջոցով: Օրինակ, երբ Ադրբեջանը 2022-ի սեպտեմբերի 13-14-ն ընկած ժամանակահատվածում սանձազերծեց պատերազմական գործողություններ Հայաստանի Հանրապետության դեմ, ինչի արդյունքում զոհվեց 224 զինծառայող, Հայաստանն ունեցավ դիրքային կորուստներ, իսկ հասարակության շրջանում խորացավ վախի ու անորոշության զգացումը: Հասարակությանն ավելի իռացիոնալ ու հուզական դարձնելու, բանական որոշումներ կայացնելու կարողությունը բթացնելու նպատակով գործի դրվեցին համացանցային մեծ լսարան ունեցող օգտատերերը:
Բլոգերներ ներկայացող որոշ անձինք հասարակության շրջանում խուճապ էին տարածում՝ հայտնելով, որ Ադրբեջանի զինված ուժերը նախապատրաստում են լայնածավալ պատերազմ ՀՀ դեմ՝ նշելով անգամ կոնկրետ օր և ժամ: Հիմնվելով այն փաստի վրա, որ տրամադրված տեղեկատվության հիմնական հատվածը կեղծիք է, սակայն մանիպուլյացիայի կանոնների համաձայն պարունակում է ճշմարտության չնչին բաժին, հասարակությունը, անոմիայի սինդրոմի առկայության և պետական ինստիտուտների նկատմամբ վստահության բացակայության հետեևանքով, հավատում էր բլոգերներին, ինչի արդյունքում հատկապես Երևանում խուճապային տրամադրություններ էին: Գերնյարդային վիճակն ու անորոշությունն ավելի սրելու համար շահարկվում էր նաև ՀՀ ԱԻՆ-ի կողմից տարածած հաղորդագրությունն առ այն, որ ապաստարանների տեղերը պետք է հստակեցվեն և պատշաճ տեսքի բերվեն:
Ժամանակակից հետխորհրդային հասարակություններին հատուկ է արժեքային ոչ համակարգված վիճակը, ինչն անոմիային բնորոշ երևույթներից է ու սպառնալիք է ազգի ոգեղենականության համար2։ Հասարակության ինտեգրացումը և
իշխանության հետ կոնսենսուսի ձևավորումն այսօր սկսում է իրականացվել զանգվածային գիտակցության պրիմիտիվացման ու արքաիկացման ճանապարհով։ Մենք առերեսվում ենք ընդհատված իրականության ֆենոմենին։ Ռուս ուսումնասիրողներ Լ․ Գուդկովը և Ա․ Լևինսոնը ընդհատված իրականության ֆենոմենը նշում են որպես հասարակական գիտակցության հիվանդագին վիճակ, որին բնորոշ է ժամանակի միֆական, ինքնամփոփ ընկալումը, մոտալուտ ապագան
տնօրինելու անկարողությունը։
Ընդհատված իրականության ֆենոմենի բաղադրիչներից է Հատուկ ուղու մասին գաղափարը, որը ստեղծվել է ի պատասխան հասարակության սոցիալական ենթակառույցների ոչ կենսունակության, անկարողության՝ լրացնելու արժեքների և իդեալների պակասը, հաղթահարելու ներկայի և ապագայի միջև առկա պատնեշը3։
Արդյունքում նմանօրինակ հասարակություններում սկսում են իշխել ֆանտոմները կամ միֆական անցյալի կերպարը, որոնք ստեղծվել են իշխանության արքաիկ ինստիտուտների լեգիտիմացման համար (նեոպահպանողականության
պահպանողական ֆանտոմները, անցյալի սուրոգատները), կամ սուպերուտոպիաներ, սուպերանոմիաներ (երբ բոլոր նորմերը, այդ թվում՝ առողջ բանականության, չեղարկվում են․ բոլոր խնդիրները լուծվում են կախարդական
փայտիկի մեկ շարժումով և այլն)4։ Օրինակ՝ Հայաստանի Հանրապետությունում նախկին-ներկա քաղաքական խոսույթը, որի վրա ներկա իշխող վարչախումբը կառուցում է իր քարոզչությունը, ձևավորվել է վերոշարադրյալի համատեքստում:
2 Шестопал Е. Б. “Психологические особенности политической трансформации росийского общества в
пост-советский период”, 2014.
3 Дубин Б.В. Интеллектуальные группы и символические формы: Очерки социоло- гии современной
культуры. – М.: Новое издательство, 2004. – с. 313.
4 Левинсон А., Гончаров С. Война вместо будущего – выход для аномического сознания // Вестник
общественного мнения. – М., 2015. – No 3–4 (121), июль – декабрь. – с. 45–66.
Տրավմատիկ իրավիճակում գտնվող հասարակություններում գերակշռում է խաղաղության ու արդարության պահանջը, երազանքը, ընդ որում՝ արդարության մասին պատկերացումների հիմքում ընկած են ոչ թե հնարավորությունների ու օրենքի
առջև բոլորի հավասարության վերաբերյալ պատրանքները, այլ հասարակության յուրաքանչյուր անդամի` սեփական անպատժելիության մասին երազանքը։ Այլ կերպ ասած` անհատները երազում են ոչ թե անարդարության և անպատժելիության վերացման, այլ իրենց իսկ կողմից անպատիժ, աղճատված արդարություն իրագործելու մասին։ Այս նույն մոդելի տիրույթում են նաև պատկերացումները պետության մասին, որի հիմքում պայմանագրային փոխհարաբերությունների մոդելն է․ բնակչությունը հենց այնպես պարտավոր չէ ենթարկվել իշխանությանը, այլ դա անում է միայն այն դեպքում, եթե իշխանությունն իր հերթին կատարում է հասարակության կողմից իրեն պատվիրակված գործառույթները։ Սա հասարակական դաշինքի աղճատված ընկալում է։
Այս բոլոր գործընթացները, որոնք ընթանում են մարդկանց գիտակցության մեջ ու արտահայտվում քաղաքական վարքագծում, կարելի է բաժանել երեք խմբի՝ պայմանականորեն դրանք կոչելով հասարակական գիտակցության մակարդակներ։ Առաջին մակարդակը մարդու անգիտակից, առաջնային կենսաբանական պահանջմունքներն են՝ սով, ինքնապահպանման ու տեսակի շարունակության բնազդներ։ Առաջնային մոտիվացիաները, միաժամանակ լինելով ամենաուժեղը, գրեթե կապ չունեն քաղաքական ու մշակութային բաղադրիչների հետ և պայմանավորված են բացառապես արտաքին գործոններով։
Երկրորդ մակարդակը արժեշահային, մշակութային կողմնորոշիչներն են, տեղի ունեցողից տպավորությունները, որոնք յուրաքանչյուր անհատ ընկալում է սեփական աշխարհայացքի, անձնական փորձի ու հաղորդակցությունների ծիրում։ Ամենավառ օրինակներից են հասարակական հարաբերությունների, քաղաքական կարգի, բարոյականության մասին տարածված հասարակական պատկերացումները։
Երրորդ մակարդակը կյանքի վերաբերյալ ընթացիկ պատկերացումներն են, տեղի ունեցողի ինքնաբուխ գնահատումը։ Հասարակական գիտակցության այս երեք մակարդակների վրա ազդելու, հասարակական գիտակցության կառավարման և անհրաժեշտ քաղաքական վարքագիծ հաղորդելու համար քաղաքական ղեկավարությունը կամ կառավարող էլիտան օգտագործում է տեխնոլոգիաներ, որոնք ուղղված են մակարդակներից յուրաքանչյուրն «արթնացնելուն»։ Եվ, բնականաբար, գիտակցության վրա ազդելու ու մանիպուլացնելու հիմնական գործիքը դառնում են ԶԼՄ-ները, համացանցը և, հատկապես, սոցիալական ցանցերը։
Մարդն առավել խոցելի է, երբ նրան կառավարելու համար սկսում են ազդել առաջնային մոտիվացիայի վրա։ Վախը զանգվածային մոբիլիզացիայի լավագույն միջոցն է։ Երբ մարդուն, նրա ընտանիքին, շրջապատին վտանգ է սպառնում, բոլոր մշակութային, քաղաքական և այլ դրույթները դառնում են անկարևոր կամ երկրորդական։ Վարքագիծը թելադրվում է ինքնապաշտպանության բնազդով։
Լավագույն օրինակներից է ԱՄՆ-ում 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո ոչ ժողովրդավարական գործողություններին լայն զանգվածների աջակցությունը։ Սա հնարավորություն տվեց ԱՄՆ իշխանություններին «համոզել» ազատության բարձր մակարդակի սովոր ամերիկյան հասարակությանը՝ կամովին հրաժարվել սեփական ազատությունների մի զգալի հատվածից։ Ազդելով գիտակցության առաջնային մակարդակի վրա՝ սկսում են գործել որոշումների կայացման իռացիոնալ մեխանիզմները, այդ թվում՝ քաղաքական․ գերակշռող է դառնում ենթագիտակցականն ու զգացականը։ Այս մեխանիզմները հատկապես կարևորություն ունեն քաղաքացիների անկայունության, անորոշության, ապակողմնորոշման պայմաններում5։
Ձևավորելով առաջնային մակարդակում վտանգի զգացողություն՝ ապահովվում է որոշումների կայացման իռացիոնալ, զգացական զանգվածային շահադրդման մոդել, որից հետո ներազդումն
իրականացվում է գրեթե բնազդների մակարդակում։
2020թ. նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան արդարացնելու, հասարակության շրջանում լեգիտիմացնելու նպատակով, Նիկոլ Փաշինյանը վկայակոչում էր այն հանգամանքը, որ գնացել է նման քայլի՝ հազարավոր կյանքեր փրկելու նպատակով: Հասարակությունը, գտնվելով ապատիայի, անոմիայի խոր ազդեցության ներքո, ընդունակ չէ համարժեք գնահատական տալու նման պնդմանը. վախի ու ահաբեկման գործիքակազմը, որը գործարկվել էր դեռևս 44-օրյա պատերազմի ընթացքում, հիմնականում ազդել էր մարդկանց ինքնապահպանման և անվտանգային կարիքների վրա, ինչի արդյունքում, գտնվելով իռացիոնալ վիճակում, չկարողացան
գնահատել իրականությունը:
5 Berman Sh. Ideas, norms, and culture in political analysis // Comparative politics. – N.Y., 2001. – Vol. 33,
N 2. – p. 231–250.
Քաղաքական վերնախավի կողմից ԶԼՄ-ները և համացանցը գործարկվում են ցանկալի, վիրտուալ իրականություն կերտելու նպատակով՝ անհրաժեշտ տպավորություն թողնելու և զգացական ֆոն ապահովելու համար։ Մարդիկ չեն
կարողանում, չեն հասցնում ինքնուրույն վերլուծել, թե ինչն է ճշմարտություն, ինչը՝ մանիպուլյացիա։ Հատկապես լավ աշխատում է նման տեխնոլոգիան առաջին ու երրորդ մակարդակները միաժամանակ գործարկելու ժամանակ։ ԶԼՄ-ների, հատկապես, համացանցի կերտած վիրտուալ իրականությունը կյանքի է կոչում անհրաժեշտ հասարակական տրամադրություններ՝ ստեղծելով զուգահեռ, պատրանքային իրականություն, որն իրողությանը բնավ չի համապատասխանում։ Համացանցային պրոպագանդան ջնջում, կոտրում է տարբերություններն ապահովվածների ու կարիքավորների, կիրթ ու անկիրթ, սոցիալական, մշակութային ռեսուրս տնօրինողների ու նրանց միջև, ովքեր զուրկ են վերոհիշյալից։ Հասարակական գիտակցության ունիֆիկացիան, ինքնուրույն վերլուծելու, երևույթներին քննադատաբար մոտենալու կարողությունների աստիճանական բացառումն օգնում է ավելի հստակ պատկեր ստանալուն։
Հասարակական գիտակցության մակարդակների վրա փոխազդելու նպատակով կիրառվում են նաև այնպիսի խորամանակ տեխնոլոգիաներ, որոնց հաջող կիրառման դեպքում ապահովվում է երկարաժամկետ արդյունք: Նմանօրինակ
տեխնոլոգիաները հիմնականում կրում են գաղափարական բնույթ։ Անհրաժեշտ գաղափարական, արժեշահային կողմնորոշիչների և մշակութային բաղկացուցչի փոփոխության համար կարող է կիրառվել ահաբեկումը՝ ինքնապաշտպանության բնազդն արթնացնելու, մոբիլիզացնելու ու տեղի ունեցող իրադարձություններին ինքնաբուխ գնահատականներ տալու նպատակով։ Հասարակական գիտակցությունը հաջողությամբ մանիպուլացնող ավտորիտար վարչակարգերը հմտորեն ազդում են երեք մակարդակների վրա միաժամանակ։
Իշխանությունների կողմից լայնորեն կիրառվում է նաև գիտակցության միֆականացումը․ գործի են դրվում մշակութային սիմվոլները, միֆերը, փորձ է կատարվում լեգիտիմացնել գործող վարչակարգը։ Ագրեսիվ պրոպագանդայի միջոցով հասարակական գիտակցության մեջ ներմուծվում են ոչ թե գաղափարական կողմնորոշիչներ, այլ բացահայտ միֆեր։ Այս երևույթը կարող ենք դիտարկել գաղափարական սիմետրիայի հայելային ֆենոմենի համատեքստում6։ Ռուս
ուսումնասիրող Գ․ Մուսիխինը նշում է, որ միֆականացման գաղափարականացման ազդեցությամբ մարդիկ սկսում են դրսևորել զանգվածային իռացիոնալ վարք՝ առաջին հայացքից իռացիոնալ, ծայրահեղական երևույթները ռացիոնալության
տիրույթում մեկնաբանելու փորձերով7։ Միֆը վերիֆիկացման ենթակա չէ, առհասարակ, այն կարիք չունի օբյեկտիվության ու հավաստիության։ Քաղաքական միֆի հիմնական գործառույթներից մեկն իրականության պարզեցման փորձն է, արդի աշխարհի բարդությունների առաջ վախերը ու անհանգստությունները8 հաղթահարելը։
Արդյունքում տրավմայի ենթարկված հասարակության գիտակցությունը միֆականացման ազդեցությամբ ծնում է հասարակական գիտակցության ու վարքագծի ֆանտոմներ9։ Սույն գործընթացների ազդեցությունն ունի դեստրուկտիվ
բնույթ․ իրական կյանքը դառնում է վիրտուալ, միֆականացված իրականության գերի՝ մեկը մյուսի հետ մտնելով հակազդեցության մեջ։ Միֆերը և ֆանտոմներն արգելափակում են իրականությունը գնահատելու կարողությունը և
մարտահրավերներին ադեկվատ արձագանքելու ունակությունը՝ փոխարինելով դրանք իռացիոնալ վարքագծով։ Միֆականացված «վտանգերից» խուսափելու համար հասարակությունը հավաքական և/կամ անձնային մակարդակում սկսում է չնկատել կամ մերժել իրական վտանգները։ Այս ամենին գումարվում է անպատժելիությունը՝ ձևավորելով լրջագույն հասարակաքաղաքական ճգնաժամ, որի ժամանակ անհատները անում են անտրամաբանական քայլեր՝ անտեսելով օրենքներն ու տաբուները։ Վերջինս պայմանավորված է իշխող էլիտայի կողմից օրենքների այլասերված և ընտրողական կիրառմամբ, իսկ չգրված օրենքների, տաբուների, ձևավորված մոդուս վիվենդիի ու մոդուս օպերանդիի ցինիկ
ոտնահարումներով։
Հասարակության շրջանում առկա անոմիայի մակարդակն անմիջականորեն կախված է քաղաքական ու պետական ինստիտուտներից, նրանց գործունեությունից։ Կայուն, նորմալ գործող հասարակությունում անոմիայի մակարդակը, բնականաբար, ցածր է։
6 Schwartz S.H., Ros M. Values in the West: A theoretical and empirical challenge to the individualismcollectivism cultural dimension // World psychology. – San Marcos, TX, 1994. – Vol. 1. – P. 99–122.
7 Мусихин Г.И. Политическиймиф как разновидность политическойсимволизации // Общественные
науки и современность. – М., 2015. – No 5. – с. 102–117.
8 Նույն տեղում:
9 Ֆանտոմ ասելով այստեղ նկատի ունենք այն բոլոր գործընթացներն ու երևույթները, որոնք մարմնավորում են հասարակական ակտիվության անոմալ, սպեցիֆիկ, էքստրավագանտ ձևերը և լուրջ ազդեցություն են ունենում քաղաքական, տնտեսական, հասարակական գործընթացների վրա։
Սակայն վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանում ստեղծված իրավիճակը և պետական ինստիտուտների վարքագիծը միայն նպաստել է հայ հասարակության շրջանում անոմիայի մակարդակի բարձրացմանը, ինչն իր հերթին
դարձել է իշխանական վերնախավի ձեռքում գործիք՝ հասարակությունը տարատեսակ տեխնոլոգիաների և մանիպուլյացիաների միջոցով կառավարելու և սեփական քաղաքական շահերին ծառայեցնելու նպատակով։ Մյուս կողմից՝
հասարակության կայուն զարգացումը հնարավոր է ապահովել միայն այն պարագայում, երբ առկա են գործուն իրավական, բարոյական համակարգեր և նորմեր և, ինչն ամենակարևորն է, դրանք սատարում ունեն պետական և
քաղաքական ինստիտուտների կողմից։
Այլ կերպ ասած՝ իշխող էլիտաները ոչ միայն չեն պայքարում անոմիայի երևույթի դեմ, այլ նաև օգտագործում են այն՝ հաճախ հանդիսանալով դրա ձևավորման և տարածման պատասխանատուն։ Իշխող վերնախավի փոփոխության և դրա
հետևանքով պետական տեղեկատվական ֆորմալ և ոչ ֆորմալ քաղաքականության հիմնովին վերանայման պարագայում հնարավոր կլինի պայքարել անոմիայի երևույթի տարածման դեմ։ Հետտրավմատիկ շրջանում պետական տեղեկատվության կամ քարոզչության ճշգրիտ կազմակերպման պարագայում հասարակության շրջանում անոմիայի մակարդակի նվազեցումը ժամանակի հարց է դառնում։ Կարող ենք պնդել, որ առկա իշխող էլիտայի քաղաքականությունը հանդիսանում է անոմիայի հիմնական դրդապատճառներից մեկը, բայց միևնույն ժամանակ՝ նաև հիմնական շահառուն։
«ԼՈՒՅՍ հիմնադրամ» գրառմամբ հրապարակված նյութը պաշտպանված է ՀՀ օրենսդրությամբ և միջազգային համաձայնագրերով։ Հրապարակված նյութի բոլոր իրավունքների բացառիկ իրավատերը «ԼՈՒՅՍ» հիմնադրամն է։ Նյութի ամբողջական կամ դրանից քաղվածքների վերարտադրումը թույլատրվում է իրականացնել միայն «ԼՈՒՅՍ հիմնադրամ» գրառման և համապատասխան ակտիվ հղման տեղադրման պայմանով՝ պահպանելով «ԼՈՒՅՍ» հիմնադրամին
պատկանող նյութերի օգտագործման կարգը։


















































