«Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Երբ իշխանությունները այլևս չեն կարողանում հասարակությանը տանել իրական օրակարգով՝ սկսում են նրան կերակրել պոպուլիզմով: ՚՚… պետական բյուջեից աշխատավարձ ստացող, ինչպես նաև ֆինանսական բավարար հնարավորություններ ունեցող մեր հայրենակիցներին խնդրում, հորդորում, կոչ եմ անում կամավորությամբ իրենց աշխատավարձ-եկամտի մի մասը փոխանցել ԱՀ կառավարության արտաբյուջետային հաշվին՝ շրջափակման ընթացքում ծանր վիճակում հայտնված մեր հայրենակիցներին աջակից լինելու և սոցիալական արդարության ու հանրային համերաշխության ապահովման ուղղությամբ մեր կարևոր քայլը կատարելու համար: …՚՚ հայտարարում է նորանշանակ պետնախարարը: ՚՚ … հաշվի առնելով լրացուցիչ ջանքերի գործադրման նյութական և բարոյական անհրաժեշտությունը՝ ողջունում և միանում եմ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի նախաձեռնությանը և այս ամսվա աշխատավարձս փոխանցում կառավարության արտաբյուջեի հաշվեհամարին՝ ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կողմից մեր կարիքավոր հայրենակիցներին լրացուցիչ աջակցություն ցուցաբերելու նպատակով:՚՚- միանում է նույն պոպուլիզմին ԱՀ Նախագահը: Ցավոք այս պետական այրերը մոռացել են, որ դեռևս 2022թվականին, 2023 թվականի բյուջեյի ընդունման ժամանակ, կառավարությունը հայտարարում էր՝ «Կառավարության դիրքորոշումն այն է, որ մենք պետք է վերանայենք բյուջետային մոտեցումները: Բայց բյուջետային գործընթացն սկսվել է, ուստի հաշվի առնելով ֆինանսական կայունության պահպանման կարևորությունը, այս փուլում պետք է ներկայացնել բյուջեի՝ արդեն իսկ ձևավորված նախագիծն ու առաջիկա ամիսներին աշխատել նոր, ծրագրային բյուջետավորման սկզբունքների հիման վրա կազմված բյուջե մշակելու ուղղությամբ»: Որևէ աշխատանք այդպես էլ չտեսանք՝ հերթական անգամ անհետևողականություն,դիլետանտիզմ՝ կարծես մոռացել են, որ խոստացել էին նոր բյուջե բերել Ազգային Ժողով: Փոխարենը պոպուլիզմի բարձր դոզաներ, կեղծ օրակարգեր, պաթոսախառն հայտարարություններ:
Պետություն ղեկավարելը հանրահավաք կազմակերպել չէ, պալատկաներ դնել չէ, տարատեսակ խորհուրդներ, կոմիտեներ և հանձնաժողովներ ստեղծում չէ: Սա բարդ աշխատանք է, որը պահանջում է լուրջ և պրոֆեսիոնալ մոտեցում։ Եթե Արցախում իրական, հրատապ, ոչ ստանդարտ քայլեր չձեռնարկվեն, ոչ ոք մեզ չի օգնի։


















































