Ռուսաստանը գործողություններով կպատասխանի անօդաչու թռչող սարքերի հարձակմանը, այլ ոչ թե կքննարկի՝ արդյոք դա պատերազմի պատրվա՞կ էր: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Ինչպես գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն, այսպես նա պատասխանել է այն հարցին, թե արդյոք Կրեմլի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումը կարելի՞ է համարել casus belli։
ԱԳ նախարարի խոսքով՝ այս պարագայում տերմինների մասին չարժե մտածել:
«Դա ակնհայտորեն թշնամական արարք էր, միանգամայն պարզ է, որ առանց տերերի իմացության Կիևի ահաբեկիչները չէին կարող դա կատարել: Մենք պատասխանելու ենք ոչ թե խոսակցություններով առ այն, թե դա casus belli էր, թե ոչ, այլ կոնկրետ գործողություններով: Մենք մեծ համբերություն ունենք. կա այսպիսի ասացվածք. «Ռուսները երկար են ձին թամբում»»,- ասել է Լավրովը։
Նա ընդգծել է, որ Կիևից և Վաշինգտոնից արված հայտարարություններն այն մասին, թե իրենք ներգրավված չեն եղել հարձակմանը, չեն նշանակում, որ դրանց կարելի է վստահել։


















































