Լոռու մարզի Կուրթան գյուղում բնակվող քանդակագործ, արվեստագետ Արարատ Նալբանդյանը՝ իր գործի և զբոսաշրջիկներին գրավելու մասին։
Լոռու մարզի Կուրթան գյուղում բնակվող քանդակագործ, արվեստագետ Արարատ Նալբանդյանը արդեն 10 տարի է զբաղվում է քանդակագործությամբ: Նա սիրում է ստեղծագործել, նոր ու հետաքրքիր խորհրդանիշներով լցնել իր կյանքը: Քանդակագործին ոչինչ չի խանգարում իր գլխում ծագած յուրաքանչյուր միտք իրականացնել և փայտին նոր շունչ հաղորդել:
Վարպետի աշխատանքի յուրահատկությունն այն է, որ նա իր բոլոր աշխատանքները ծառերի բներից է ստանում: Մեզ հետ զրույցում ասաց, որ այդպիսով արտացոլում է իր աշխատանքի մեծ ու հզոր էներգիան ու հավելեց․ «Ծառը, որի բույնը կյանք է ստանում, նորից ինձ համար վերածնվում է և այդ վերածննդի խորհրդանիշը հենց մարդն է՝ ստեղծված ծառից»։
Արարատ Նալբանդյանը բազում նպատակներ ունի։ Ասում է՝ գործերը մի քիչ լավանան, նոր տեխնիկա է գնելու․ «Ներկայումս աշխատում եմ շատ քիչ գործիքներով, որովհետև այդքան շատ գումար չեմ վաստակում: Իմ գործերը չեմ վաճառում, իմ տան նկուղային հատվածը դարձրել եմ արվեստանոց-ցուցասրահ, որտեղ էլ պահում եմ իմ աշխատանքները: Սակայն այս տարի որոշել եմ անել քանդակներ, որոնք վաճառքի ենթակա կլինեն»։ Արարատ Նալբանդյանն ասաց, որ քանդակների վաճառքից ստացված եկամուտը կծախսի նոր սարքավորումներ գնելու և արվեստանոցը բարելավվելու համար, որպեսզի զբոսաշրջիկները գոհ գնան իր տնից։
Հետաքրքրվեցինք՝ շա՞տ այցելուներ են լինում արվեստանոցում, քանդակագործը պատասխանեց․ «Այդքան էլ շատ չեն, քանի որ դեռ նոր են տեղեկանում իմ արվեստանոցի մասին։ Սկզբից ուղղակի իմ հաճույքի համար՝ սիրողական մակարդակով էի ստեղծագործում, բայց հետո միտք առաջացավ արվեստանոց բացել և իրագործեցի իմ մտահղացումը»։
Քանդակագործը նշեց, որ սիրով է աշխատում ու ամեն ծառի բնի կյանք տալիս մտածում, որ կերտում է կարևոր կերպար: Նա ամեն քանդակ ավարտին հասցնելով՝ հասկանում է, որ դրանք իր հոգու արտացոլանքն են և վառ նկարագրում են իր զգացմունքները։
Մարիաննա Մուրադյան
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ


















































