Հայաստանի հյուսիսում գտնվող Գարգառ գյուղ ոտք դնելիս անցնում ես լեռնային ճանապարհով` ծառերի հովանու միջով, որտեղից բացվում է տպավորիչ կանաչ մի տեսարան։ Հեռվում Սուրբ Հովհաննես եկեղեցին է, բլրի բարձունքից հսկում է գյուղը:
Գյուղի բնակիչների սրտաբացությունն ու հյուրընկալությունը զբոսաշրջիկներին ստիպել են ամեն տարի այցելել Գարգառ, ինչը նպաստել է գյուղի ճանաչմանն ու զարգացմանը: Գյուղ այցելում են Հայաստանից ու զբոսաշրջիկներ արտասահմանյան մի շարք երկրներից։
Դեռ տարիներ առաջ, երբ Գարգառ գյուղի բնակիչները նկատեցին ակտիվ զբոսաշրջիկների, որոնք ցանկանում էին մեկ-երկու օրով գիշերել գյուղում, իրենց տները օրավարձով տրամադրեցին զբոսաշրջիկներին։ Զբոսաշրջիկները նաև ծանոթանում էին գյուղի տեսարժան վայրերին և համեղ ու սննդարար գյուղմաթերք համտեսում:
Այժմ Գարգառի բնակիչներն ակտիվորեն զարգացնում են տեղական բիզնեսը․ իրենց տները տրամադրում են վարձով և այդպիսով գումար աշխատում: Դրան նպաստում էր այն փաստը, որ գյուղը մոտ Դենդրոպարկին, որտեղ աճում են աշխարհի տարբեր երկրներից բերված բուսատեսակներ, սոճիներ, եղևնիներ: Հիմա արդեն համայնքում կան մոտ 15 առանձնատներ, որոնք գյուղացիների ապրուստի միջոցն են դարձել:
Գարգառեցի տիկին Մարինեն իր որդու հետ հիմնել է հյուրատուն և «Դենդրո գարդեն»-ը, որտեղ վաճառում են իրենց աճեցրած ավելի քան 50 տեսակի բույսերը։ Նրանք զբաղվում են այգիների ձևավորմամբ և կանաչապատմամբ: Նա նշեց, որ տունը գնելիս չէին էլ մտածում, որ դա կարող է ծառայել որպես հյուրատուն և եկամտի աղբյուր լինել իրենց համար:
«Քանի որ տան տարածքը բավականին մեծ և հարմարավետ էր, որոշեցինք ընդարձակել`կառուցելով ևս մեկ հյուրատուն նույն բակում: Հյուրերի թվով պայմանավորված ենք կառուցել նորը: Հիմա արդեն հյուրատունը և մեր կանաչ այգին դարձել են զբոսաշրջիկների սիրելի վայրը: Հյուրեր ունենք, որոնք ամեն տարի գալիս են, որոշների հետ մտերմացել և բարեկամացել ենք»:
Մարիաննա Մուրադյան
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ



















































