Հայաստանի բուհերից ագրարային համալսարանը վերջին տարիներին առանձնանում է դիմորդների ու ընդունվողների չափազանց քիչ քանակով և ուսանողական համակազմի շեշտակի նվազմամբ: Սակայն պարզվում է, որ ագրարայինը ոչ միայն առաջամարտիկ է այս ուղղություններով: Կան նաև այլ ուղղություններ: Այսպես, 2023 թվականին ագրարային համալսարանից տարբեր նպատակներով կառավարությունը հետ է վերցրել բազմաթիվ տարածքներ: Դրանցից են Խաղողագինեգործության գիտական կենտրոնի շենքը Մերձավան համայնքում, համալսարանի երկրորդ մասնաշենքի 5-րդ հարկը (Տերյան 74), Մյասնիկյան 2 հասցեում գտնվող դպրոցի շենքը, Արաբկիր համայնքում գտնվող ուսանողական հանրակացարանի շենքը: Վերջերս Երևանի թիվ 8 արհեստագործական ուսումնարանին է փոխանցվել Երևանի Բուռնազյան 143 հասցեում գտնվող ագրարային համալսարանի Ա. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի շենքը: Ուսումնարանն ուսումնական գործընթացը կազմակերպելու է քոլեջի տարածքում: Մեր տեղեկություններով համալսարանի օտարվող հաջորդ անշարժ գույքը Երևանի Տերյան-Կորյուն փողոցների խաչմերուկում գտնվող համալսարանի 5-րդ մասնաշենքն է:


















































