Հոկտեմբերի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Կ.Դեմիրճյան փողոցի տներից մեկում բնակիչը ծառից կախվելու եղանակով ինքնասպանություն է գործել:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի պարտականությունները ժամանակավոր կատարող Վահրամ Ենգոյանը և Ոստիկանության Մուշի բաժնի պետ Արթուր Հակոբյանը, ինչպես նաև Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանը, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետի և օրվա պատասխանատու հերթապահ՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները տեղում պարզել են, որ մահացածը նույն տան բնակիչ 38-ամյա Ռ. Մ.-ն է, ով տան բակում պարանով ծառից կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել:
Ըստ Դատաբժշկի նախնական եզրակացության՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածը Գյումրիում վայելում էր հարգանք: Բնութագրվում է դրական և հարազատներն ու նրան ճանաչողները զարմացած են, թե ի՞նչն է դրդել, որ նա դիմել է այդ ծայրահեղ քայլին: Նա Գյումրիում հայտնի էր, որպես ավտոպահեստամասերի առք ու վաճառքով զբաղվող:


















































