Հանրային հեռուստաընկերությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցի ամբողջական տարբերակի հրապարակումից առաջ հեռուստաընկերությունը հրապարակել է անոնսը, որտեղ լրագրող Պետրոս Ղազարյանի հարցին, թե Լեռնային Ղարաբաղից դուրս գալու դեպքում հնարավո՞ր է արդյոք, որ խաղաղապահները գան Հայաստան ու մնան այստեղ, վարչապետը պատասխանել է․
«Նրանք Լեռնային Ղարաբաղում Ռուստաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբն են, եթե նրանք ԼՂ-ից դուրս են գալիս, ուրեմն պետք է գնան Ռուսաստան»։
Հարցին՝ պատրաստ է արդյոք Հայաստանը շարունակել հանդիպումները «3+3» ձևաչափով, Նիկոլ Փաշինյանը դրական է պատասխանել։
«Այո՛, իհարկե պատրաստ ենք։ Ժամանակին ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թեհրանում»,- նշել է վարչապետը։
Բացի այդ, անդրադառնալով Գրանադայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքներին, Նիկոլ Փաշինյանը նշել է․ «Շատ կարևոր արձանագրում է, որ ԵՄ-ում Հայաստանի հետ հարաբերությունների խորացման առումով կա կոնսենսուս»։


















































