Դեկտեմբերի 11-ին, 19։00, Ալեքսանր հյուրանոցում տեղի կունենա Էրին Մեյերի «Աշխարհի մշակույթների քարտեզը» գրքի շնորհանդեսը։ Այս խորաթափանց ու կիրառական ուղեցույցն օգնում է հասկանալ ու կարգավորել մշակութային տարբերությունները: Այն չափազանց օգտակար է և՛ աշխատանքի, և՛ անձնական կյանքի համար: Ինչպե՞ս են մարդիկ մտածում, առաջնորդում և աշխատում. հարցեր, որոնց պատասխաններն այս գրքում են։ Huffington Post-ի բնորոշմամբ, դիվանագետ թե ճանապարհորդ, պաշտոնյա թե ծառայող այս գիրքը չպետք է բաց թողնի ոչ ոք:
Ուղեցույցի գործընկեր` «Արդշինբանկ» ՓԲԸ։
ՀԵՂԻՆԱԿԻ ՄԱՍԻՆ
42-ամյա Էրին Մեյերը միջազգային առաջատար INSEAD բիզնես դպրոցի պրոֆեսոր է: Նա ուսումնասիրում է աշխարհի ամենահաջողակ բիզնես առաջնորդների որոշումները, որոնցով նրանք մշակութային խնդիրները կարգավորում են աշխատանքային բազմամշակութային միջավայրում: Աֆրիկայում, Եվրոպայում և Միացյալ Նահանգներում ապրելու և աշխատելու փորձը Մեյերին մղել է ուսումնասիրել աշխարհի տարբեր անկյուններում հաղորդակցության ձևերն ու բիզնես համակարգերը: Էրին Մեյերի հետազոտությունները հրապարակվել են Harvard Business Review-ում, Singapore Business Times-ում և Forbes.com-ում: Էրինը 2013-ին հայտնվել է Thinkers50 Radar-ի ցանկում՝ որպես աշխարհի խոստումնալից բիզնես մտածողներից մեկը:
ԳՐՔԻ ՄԱՍԻՆ
Ամերիկացիները բացասական կարծիք հայտնելուց առաջ գովում են, ֆրանսիացիները, նիդերլանդացիները, իսրայելցիներն ու գերմանացիներն անմիջապես ասում են այն, ինչ մտածում են, հարավամերիկացիներն ու ասիացիները կառչած են հիերարխիկ հարաբերություններին, սկանդինավցիներն էլ կարծում են, որ լավագույն ղեկավարն իրեն դրսևորում է շար-քային աշխատողի պես:
Եվ երբ նրանք փորձում են աշխատել իրար հետ, քաոսն անխուսափելի է դառնում: Այս գրքում Էրին Մեյերը դառնում է մեր ուղեկիցը մի ականադաշտում, որտեղ խիստ տարբեր անցյալ, փորձ ու
մտածողություն ունեցող մարդիկ ստիպված են համատեղ աշխատանք կատարել: Իր վերլուծությունները համադրելով խորհուրդների հետ՝ հեղինակը ներկայացնում է մշակութային
տարբերությունների բացասական ազդեցությունն ապակոդավորող բանաձև:
ՇՆՈՐՀԱՆԴԵՍԻ ՄԱՍԻՆ
Շնորհանդեսին գիրքը կներկայացնեն «Արդշինբանկ» ՓԲԸ վարչության նախագահ Արտակ Անանյանը, Newmag֊հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը, հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը, թարգմանիչ Դավիթ Սարգսյանը։ Սա «Արդշինբանկ» ՓԲԸ-ի և Newmag-ի համագործակցությամբ լույս տեսած արդեն 3-րդ գիրքն է։
«Մոնոլոգ», «Կապիտալիզմ և ազատություն» գրքերից հետո դեկտեմբերի 11-ին կներկայացնեն Էրին Մեյերի «Աշխարհի մշակույթների քարտեզը»։
Մուտքն ազատ է։


















































