X սոցցանցում հրապարակված տեսաուղերձում ԱՄՆ նախագահի թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերը հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությունը պետք է մոբիլիզացնի միջազգային հանրությանը, քայլեր ձեռնարկի ու ապահովի Արցախի հայերի անվտանգ վերադարձը հայրենիք և պաշտպանի նրանց ինքնորոշման իրավունքը:
Նա նշել է, որ Ադրբեջանը, սկսած 2020 թվականից, անխնա էթնիկ զտումներ է իրականացնում Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ։ Նաև նշել է, որ այս տարվա սեպտեմբերին Ադրբեջանը հարձակողական գործողություն ձեռնարկեց և 120 հազար հայ՝ ամբողջ բնակչությունը, տեղահանվեց:
Մինչ ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռված է Գազայի և Իսրայելի վրա, ոչ ոք ոչինչ չի լսում «հայկական հնագույն տարածքներից մեկի ողջ բնակչության զանգվածային արտաքսման» մասին:
Նա նաև նշել է, որ այդ էթնիկ զտման դատարկ պարսավանքը բավարար չէ։ Նրա կարծիքով, ներկայիս իրավիճակը կարելի է փոխել։
Ըստ Քենեդու՝ սա այն իրավիճակն է, երբ խաղաղ պատժամիջոցները կարող էին աշխատել։ ԱՄՆ-ն դեռևս լծակներ ունի այս տարածաշրջանում և կարող է այդ ուժն օգտագործել այս տարածաշրջանում բոլոր ժողովուրդներին մոբիլիզացնելու համար՝ այս մարդասիրական ողբերգությունը հաղթահարելու նպատակով:
Իրենք նաև պետք է ուղիներ փնտրեն Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակումը վերացնելու համար։ Հայաստանը դեպի ծով ելք չունեցող երկիր է և պետք է մուտք ունենա հարևան երկրների նավահանգիստներ։
Նա վստահեցրել է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում կաջակցի Հայաստանի Հանրապետության և Արցախի վերականգնմանը:
Ինքը՝ որպես Միացյալ Նահանգների նախագահ, կօգտագործի դիվանագիտությունը, իրենց բարոյական հեղինակությունը, իրենց տնտեսական լծակները և պատժամիջոցները Հայաստանի վերականգնման համար։
Նրա ցանկությունն է՝ նպաստել Հայաստանի, Արցախի ինքնիշխանության վերականգնմանը՝ խաղաղ միջոցներով և ինչ-որ տեղ նոր պատերազմ սկսելու փոխարեն դադարեցնել պատերազմներից մեկը։















































