Հայաստանում վերացվում է պատվավոր կոչումների շնորհումը:
«Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթն ԱԺ նիստում ընդունվեց առաջին ընթերցմամբ՝ ստանալով 64 կողմ, 31 դեմ ձայներ:
Այս պահին գործող օրենսդրությամբ սահմանված են 17 պատվավոր կոչումներ, որոնց մեջ են ժողովրդական արտիստի, ժողովրդական նկարչի, արվեստի վաստակավոր գործչի, մշակույթի վաստակավոր գործչի, վաստակավոր լրագրողի և այլ կոչումներ: Նախագծով առաջարկվում է չեղարկել պատվավոր կոչումները: Թողնվում է միայն «վաստակավոր կոլեկտիվ» կոչումը, քանի որ ոչ թե անհատին, այլ կոլեկտիվին է տրվում: Նախկինում տրված կոչումները շարունակելու են գործել:
Ըստ նախագծի հիմնավորման՝ կոչումները ժամանակավրեպ են, առողջ մրցակցության, անգամ բարոյահոգեբանական մթնոլորտի վրա բացասաբար անդրադարձող: Նախագիծը ներկայացրած արդարադատության նախարարությունը մատնանշել է առաջադեմ երկրների փորձը, որտեղ պատվավոր կոչումների ինստիտուտ առկա չէ:
Ընդդիմությունը դեմ էր նախագծին:















































