Shot թելեգրամյան ալիքը Սոչիում հայտնում է, որ КВН փառատոնի ժամանակ ծեծկռտուքի ընթացքում 31-ամյա հումորիստ Ամիրան Գևորգյանին սպանած Արթուր Ռասուլովին 15 տարվա ազատազրկում է սպառնում՝ «Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ հանգեցրել է տուժողի մահվան» հոդվածով:
Այժմ քննիչները պարզում են կասկածյալի գտնվելու վայրը՝ նրան հարցաքննության բերելու համար։
Հիշեցնենք, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել հունվարի 18-ին «Ժեմչուժինա» հյուրանոցի մոտ, որտեղ ամեն տարի անցկացվում է КВН փառատոնը։
Ըստ տեղեկությունների՝ Ամիրան Գևորգյանը կռվել է դաղստանցի 32-ամյա Արթուր Ռասուլովի հետ։
Ծեծկռտուքի ժամանակ Ամիրանը գլխի լուրջ վնասվածք է ստացել։
Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ախտորոշվել է գանգուղեղի և գանգի հիմքի կոտրվածք, գանգուղեղային բաց վնասվածք, գլխուղեղի ծանր կոնտուզիա և էպիդուրալ հեմատոմա։
Նա ընկել է կոմայի մեջ, իսկ երկու օր անց գիտակցության չգալով մահացել է։
Գևորգյանը հանդես է եկել Սոչիի КВН թիմում, սակայն այս փառատոնին նա եղել է ոչ թե մասնակիցների կազմում, այլ որպես հյուր։
Աղբյուրի փոխանցմամբ, Արթուր Ռասուլովը հետախուզման մեջ է։


















































