Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր թիկնապահի ձերբակալմանը ու նշեց, որ ինքը Հակակոռուպցիոն կոմիտեից ծանուցագիր է ստացել փետրվարի 20-ին.
«Այդտեղ նշված է, որ իրենք ստացել են 2023 թվականի նոյեմբերին ՀՀ գլխավոր դատախազին ուղղված իմ գրությունը, որտեղ ես ասել եմ, որ Արցախի քաղաքացիների նկատմամբ դրսևորվել են խախտումներ՝ հիմնականում ֆինանսական ոլորտում, և ես խնդրել եմ իմ գրությունն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում։ Այդ փաստերի ուսումնասիրության արդյունքում իրենց կողմից հարուցվել է քրեական վարույթ և այդ շրջանակներում ինձ որպես վկա հրավիրել են հարցաքննելու»։
Խոսելով իր թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանի ձերբակալման մասին նշեց, որ կխնդրեր ուժային մարմիններին շատ կարճ ժամանակում լուծել Աշոտ Դանիելյանի ազատ արձակելու հարցը, քանի որ այդ գործը շինծու է:
«Մենք բոլորս ականատես ենք եղել դրան: Մեծ հարցեր է առաջացնում նաեւ այդ ձերբակալության օրինաչափությունը: 20 հոգով դիմակավորված քաղաքի կենտրոնում ձերբակալել են անձի, որը կապ ունի Արցախի ղեկավարի հետ, ձերբակալել իրեն նախագահին սպասարկող մեքենայի միջից, ինձ թվում է՝ դրանք մեծ հարցեր են առաջացնում եւ առաջիկայում մենք կստանանք դրանց պատասխանները»:
Շահրամանյանը նաև հայտնեց, որ այս ամենը կապ ունի նրա հետ, որ փորձում են այն ամենը, ինչը կապ ունի Արցախի հետ կափարիչ դնել դրա վրա և փակել այդ հարցը: Բայց իրեն թվում է, որ պետք չի գնալ այդ ճանապարհով, պետք է գտնել լուծումներ Արցախի խնդրի, արցախցիների խնդիրների լուծման համար և իր կարծիքով, մինչև այդ հարցը չստանա արդարացի լուծում, ունենալու ենք այս բաց վերքը, որը միշտ արնահոսելու է:


















































