Ադրբեջանի ԱԳՆ-ն, անդրադառնալով փետրվարի 21-ին Փարիզում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հնչած հայտարարություններին, հայտնել է, որ Ադրբեջանը խստորեն դատապարտում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Բաքվի հասցեին «անհիմն» մեղադրանքներն ու հայտարարությունները, որոնք «միակողմանիորեն պաշտպանում են Հայաստանին»։
Մասնավորապես նշվում է, որ «միանգամայն «անտեղի է», որ Ֆրանսիան, որը գրեթե 30 տարի չի բարձրաձայնել «իրենց տարածքներից» վտարված և «ջարդերի ենթարկված» ադրբեջանցիների իրավունքների ոտնահարման մասին, խոսում է «Ադրբեջանի տարածքները» իրենց կամքով և առանց որևէ բռնի հարկադրանքի լքած հայերի իրավունքների և անվտանգության մասին»։
Բաքվի պնդմամբ՝ «ավելի օգտակար կլիներ, եթե ֆրանսիական կողմը խոսեր Հայաստանի կողմից Ադրբեջանի ութ գյուղերի շարունակական օկուպացիայի մասին»:
Ըստ ադրբեջանական կողմի՝ «անընդունելի է Բաքվին մեղադրել անհամաչափ պատասխանի համար՝ Հայաստանին քննադատելու փոխարեն, որը, առանց որևէ հրահրող գործոնների, խախտել է շուրջ հինգ ամիս տևած կայունությունը, և պետք է դադարեցնել նման կողմնակալ մոտեցումները»:
«Մենք կրկնում ենք, որ Ֆրանսիայի նենգ քաղաքականությունը՝ ուղղված տարածաշրջանում նոր լարվածություն ստեղծելուն և խաղաղությանն ու կայունությանը խոչընդոտելուն, արդյունքի չի բերի», — հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Հիշեցնենք, որ Մակրոնը երեկ իր ելույթում ասել էր, որ վերջերս Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են, որ էսկալացիայի վտանգը իրական է մնում։ Ֆրանսիան ցավում է, որ փետրվարի 12-ի կրակոցի հետևանքով վիրավորվել է ադրբեջանցի, ինչն ընդունել է նաև Հայաստանի ղեկավարությունը՝ լիակատար թափանցիկությամբ։ Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Ադրբեջանի անհամաչափ պատասխան հարվածի համար, որի արդյուքնում հայկական կողմը ունեցավ 4 զոհ և 1 վիրավոր:


















































